Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

23.04.2019

ՀՀ ԱԺ-ն ընդունեց հանքարդյունաբերության ոլորտի մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտմանն ուղղված օրենքների նախագծերի փաթեթը

ՀՀ Ազգային ժողովը ապրիլի 23-ին երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին» օրենսգրքում, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթը: Ընդունված փաթեթն ուղղված է հանքարդյունաբերության ոլորտի մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտմանը, ոլորտի օրենսդրական համապարփակ կարգավորումների ամրագրմանը:

Մասնավորապես, սահմանվել է իրական սեփականատեր հասկացությունը և քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը: Ստուգման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու նպատակով քաղաքական ազդեցություն ունեցող անձանց շրջանակը նույնացվել է շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց և վերջիններիս ընտանիքի անդամների շրջանակին:

 Սահմանվել է նաև իրական սեփականատիրոջ բացահայտման պարտականություն ունեցող իրավաբանական անձի վերաբերյալ միասնական գրանցամատյանում գրառվող տեղեկությունների շրջանակը: Կարգավորվել են իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու կարգը, իրական սեփականատեր գրանցելու և գրանցման մեջ փոփոխություններ կատարելու ժամկետները:

 Ըստ ընդունված փաթեթի՝ հայտարարատուն կրում է շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն՝ անկախ իրավաբանական անձին բաժնեմասնակցության չափից:

 «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին» օրենսգրքում լրացվել են իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունների բացահայտման մասին տեղեկանքի ներկայացման պահանջներ, որպես պատասխանատվության միջոց սահմանվել են ընդերքօգտագործման իրավունքի կասեցման և դադարեցման դրույթներ: Սահմանվել է նաև իրական սեփականատերերի փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքի՝ լիազոր մարմին ներկայացնելու պահանջ: Իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունների բացահայտման դրույթները նախատեսվում է տարածել ընդերքօգտագործման բոլոր ձևերի վրա: