Մարտի 20-ին տեղի է ունեցել «Ատոմային ոլորտի զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով քննարկում՝ ատոմային էներգետիկայի ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցության շրջանակում:
Քննարկման ընթացքում կարևորվել է ՀԱԷԿ-ի աշխատած միջուկային վառելիքը Հայաստանից ՌԴ տեղափոխելու հարցը: Այդ համատեքստում նշվել է, որ աշխատած միջուկային վառելիքի ՌԴ արտահանման և հետագա վերամշակման պիլոտային ծրագրի իրականացման նպատակով ստեղծվել է հայ-ռուսական համատեղ աշխատանքային խումբ՝ տեխնիկատնտեսական և տրանսպորտատեխնոլոգիական սխեմայի ուսումնասիրություններ իրականացնելու համար:
ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության վարկային և դրամաշնորհային ծրագրերի վարչության պետ, հայ-ռուսական համատեղ աշխատանքային խմբի հայկական կողմի ղեկավար Վարդան Մարտիրոսյանն ընդգծել է, որ այդ ուսումնասիրությունների արդյունքներով կիրականացվեն տեխնիկական միջոցների, ենթակառուցվածքների նախապատրաստման աշխատանքները, ինչպես նաև պիլոտային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստում, որից հետո միայն կսկսվի պիլոտային ծրագրի իրականացումը:
«Պիլոտային ծրագրի իրականացումը կարևոր է նաև լոգիստիկ ու կազմակերպչական հարցերի լուծման առումով»,- ընդգծել է Վարդան Մարտիրոսյանը։
«Տեխսնաբէքսպորտ» ԲԸ ռազմավարական մարքեթինգի դեպարտամենտի ղեկավար Իրինա Ժերդեցկայան քննարկման մասնակիցներին է ներկայացրել աշխատած միջուկային վառելիքի հետ վարվելու համաշխարհային փորձը:
Հայկական ԱԷԿ-ի տնօրենի խորհրդական Գերա Սևիկյանն անդրադարձել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի արդիականացման ու շահագործման ժամկետի երկարաձգման հարցին։
«Արդեն իսկ երկարաձգվել են ավելի քան 2500 անուն մասնագիտական բաղադրիչների, համակարգերի և կոնստրուկցիաների շահագործման ժամկետները։ Արդիականացվել են տուրբինային արտադրամասի հիմնական հանգույցները, անցկացվել է մի քանի կիլոմետր մալուխ, ապամոնտաժվել ու տեղադրվել են սարքավորումներ։ 2019 թվականին մեքենայական սրահում իրականացվող մոնտաժման ու գործարկման համալիր աշխատանքների շրջանակում նախատեսվում է 2-րդ տուրբոգեներատորի տեղադրումը, և կսկսվեն կայանի հիմնական համակարգերի անվտանգության բարձրացման աշխատանքները։ Նախագծի ավարտին Հայաստանը կունենա ավելի բարձր արդյունավետությամբ ԱԷԿ, իսկ դրա անվտանգության մակարդակը կմոտեցվի համաշխարհային չափանիշներին»,- նշել է Հայկական ԱԷԿ-ի տնօրենի խորհրդականը:
Քննարկումների ժամանակ փորձագետները նշել են, որ ատոմային էներգետիկայի զարգացումը չափազանց կարևոր է և ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, և ժամանակն է նախապատրաստական աշխատանքներ իրականացնել նմանատիպ հզորությունների ուղղությամբ։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Էներգետիկայի և էլեկտրոտեխնիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալ Արամ Գևորգյանը նշել է, որ տնտեսության զարգացման հեռանկարում Հայաստանին անհրաժեշտ է 600-1000 Մվտ հզորությամբ ԱԷԿ, որը կընդլայնի տարածաշրջանի երկրներ էլեկտրաէներգիա արտահանելու հնարավորությունները։
«Ատոմային ոլորտի զարգացման հեռանկարները Հայաստանում» քննարկմանը մասնակցել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի, Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ), «Հայատոմ» ՓԲԸ գիտահետազոտական ինստիտուտի, հասարակական կազմակերպությունների, ատոմային էներգետիկայի ճյուղերում մասնագիտացված կադրեր պատրաստող բուհերի ներկայացուցիչներ, փորձագետներ:
Հանդիպում-քննարկումը կազմակերպել էր «Ռոսատոմ» պետկորպորացիան՝ «Հայատոմ» ՓԲԸ գիտահետազոտական ինստիտուտի աջակցությամբ։