Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

12.03.2019

Երևանում կայացել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի համատեղ համակարգող կոմիտեի 8-րդ նիստը

Այսօր՝ մարտի 12֊ին Երևանում կայացել է Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի համատեղ համակարգող կոմիտեի 8-րդ նիստը` Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար, նախարարի առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանի և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, զարգացման և միջազգային բիզնեսի գծով տնօրեն Կիրիլ Կոմարովի համանախագահությամբ:

 Նիստին մասնակցել են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կառավարման պետական կոմիտեի, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի, «Հայատոմ» ՓԲԸ-ի, «Ռոսատոմ» պետկորպորացիայի, ինչպես նաև  «Ռուսատոմ Սերվիս» ընկերության,  «Ռոսէներգոատոմ Կոնցեռն», «Տեխսնաբէքսպորտ» ընկերությունների ներկայացուցիչները։

Քննարկվել են 2019թ. գործողությունների ծրագիրը և մինչև 2021թ. միջոցառումների ծրագիրը, Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման պայմանները՝ պլանային-կանխարգելիչ վերանորոգման աշխատանքներից հետո, ինչպես նաև ՀԱԷԿ-ի արդիականացման շրջանակում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության մասին Միջկառավարական համաձայնագրի գործողության ժամկետի երկարաձգման հարցը։ Կողմերը քննարկել են նաև  օգտագործված միջուկային վառելիքի դուրսբերման և վերամշակման պիլոտային ծրագրի նախապատրաստման հարցը:

Անդրադարձ է եղել հումանիտար ոլորտում և ատոմային էներգետիկայի բնագավառում կադրերի պատրաստման ուղղությամբ Հայաստանի և Ռուսաստանի երկկողմ համագործակցությանը: Նշվել է, որ 2018թ. դեկտեմբերին մեկնարկել է Ռոսատոմի քվոտաներով բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ծրագրերով Ռուսաստանի առաջատար տեխնիկական բուհերում սովորելու համար հայ ուսանողների ընտրությունը. 2019-2020 ուսումնական տարվա համար հայ ուսանողներին  հատկացվել է 4  տեղ։

Հայաստանի ավագ դպրոցների աշակերտների միջև անցկացված մաթեմատիկայի և ֆիզիկայի ամենամյա օլիմպիադայի մրցանակակիրները արտոնություններ կստանան «Ռոսատոմ» պետական կորպորացիայի հիմնական բուհեր, մասնավորապես՝ ՌԴ Ազգային միջուկային հետազոտական համալսարան (ՄԻՖԻ) ընդունվելիս:

Ատոմային էներգետիկայի բնագավառում կրթության հանրայնացման նպատակով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ռուս մասնագետների մասնակցությամբ պարբերաբար անցկացվում են կրթական միջոցառումներ, իսկ Հայաստանի ներկայացուցիչները մասնակցում են «Ռոսատոմ» պետկորպորացիայի աջակցությամբ անցկացվող հումանիտար և միջազգային մշակութային  նախագծերին։