Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

15.06.2011

Շուտով շահագործման կհանձնվի ենթակայանը

Շուտով շահագործման կհանձնվի <Ծիծեռնակաբերդ> ենթակայանը

entakayan_smallՀունիսի 11-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և ՙՀայաստանի էլեկտրական ցանցեր՚ ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը այցելեցին  Երևանի ՙԾիծեռնակաբերդ՚ 110 կՎ ենթակայան:

Երևանի կենտրոնի նոր բնակելի շենքերը, առևտրային, սպորտային համալիրները և այլ օբյեկտներ ավելի ու ավելի մեծ հզորություններ են պահանջում։Արդյունքում այսօր անհրաժեշտություն է առաջացել քաղաքի կենտրոնում կառուցել մեկ այլ 110 կՎ ենթակայան:Նոր փակ տիպի ՙԾիծեռնակաբերդ՚ ենթակայանը տեղադրված է ՙՀրազդան՚ մարզադաշտի կողմից բլրի ստորոտում՝  ՙՕրանժ՚ ֆիտնես-կենտրոնի կողքին:

Մոտ 27 х 17 մետր չափերով նախատեսված շենքի շինարարությունը սկսվել է 2010 թվականի ամռանից: Երկու հսկայական հարկերից բաղկացած ենթակայանի բարձրությունը կազմում է 12 մետր: Առաջին հարկում կտեղադրվեն ուժային տրանսֆորմատորները, ռեակտորները, երկրորդում` մնացած բոլոր  սարքավորումները:

Փակ տիպի ենթակայանի ընտրությունը տվյալ դեպքում պայմանավորված էր հողհատկացման խնդրով:  Քաղաքի կենտրոնում հողհատկացման հարցը այսօրվա դրությամբ խնդրառու է, սակայն ժամանակակից տեխնոլոգիաները տալիս են այդպիսի հնարավորություն,  հետևաբար շատ ավելի նպատակահարմար էր հենց այս տիպի ենթակայանի կառուցումը: Բոլոր սարքավորումները` սկսած ուժային տրանսֆորմատորներից և վերջացրած պաշտպանության արկղերով, անջատիչներով, բաժանիչներով և մնացած երկրորդական սարքավորումներով, կտեղադրվեն շենքի ներսում:

Միայն շենքի շինարարությանը ՙՀայաստանի էլեկտրական ցանցերի՚ կողմից հատկացվել է 1 մլն. դոլարից ավելի: Սա, իհարկե, նախագծի մի մասն է: Մնացածը` սարքավորումները, դրանց ձեռքբերումն ու յուրացումը կկազմի ևս 4,5 մլն. եվրո: Այս գործառույթներն իրականացվում են AREVA եվրոպական հանրահայտ ընկերության գերմանական մասնաճյուղի կողմից:

Մի քանի տարի առաջ KFW գերմանական բանկի կողմից Հայաստանի կառավարությանը տրամադրված վարկի շրջանակներում AREVA-ն մեր երկրում կառուցել է ՙՎանաձոր-2՚, ՙԿամո՚ և ՙԱլավերդի՚ էլեկտրաենթակայանները:

ՙԾիծեռնակաբերդը՚ շահագործման կհանձնվի 2011 թ.-ի 3-րդ եռամսյակում: Այս պահին ավարտված են մոնտաժային աշխատանքները, ընթանում են կարգաբերման աշխատանքներ:  Այն համալրված կլինի նորագույն տեխնիկական սարքավորումներով։ Խոսքը վերաբերում է էլեգազային անջատիչներին, թվային ռելեական պաշտպանությանը, որոնցով կապահովվի ենթակայանների ամբողջական հեռակառավարումը և կլուծվեն բազմաթիվ այլ հարցեր ժամանակակից համաշխարհային ստանդարտներին համապատասխան: Ենթակայանի ընդհանուր ակտիվ հզորությունը կհավասարվի 36 ՄՎտ, որը կապահովեն յուրաքանչյուրը 40 մՎԱ թվով 2 ուժային տրանսֆորմատորները:

Նոր ենթակայանը ոչ հեռավոր ապագայում կապահովի Ծիծեռնակաբերդի խճուղու երկայնքով ձգված օբյեկտների էլեկտրամատակարարումը ՙՀրազդան՚ մարզադաշտից մինչև Կիևյան փողոց և փոքր կենտրոն, մասնավորապես Կենտրոնական պողոտա, որտեղ բացի բնակելի համալիրից` կառուցվում է նաև հսկայական ստորգետնյա առևտրի կենտրոն: ՙԾիծեռնակաբերդն՚ իր վրա կվերցնի ՙՇահումյան – 2՚ բարձավոլտ էլեկտրացանցերի բեռի մի մասը և զգալիորեն կբարձրացնի Երևանի կենտրոնի էլեկտրամատակարարման հուսալիությունը: