ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար, առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալին:
Քննարկվել են էներգետիկայի բնագավառում բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերը և հետագա փոխգործակցության հնարավորությունները։
Շեյն Ռոզենթալը, կարևորելով Հայաստանում էներգետիկայի ոլորտի կառավարման բարեփոխումների իրականացումը, նշել է, որ դրանք կարող են հնարավորություն ստեղծել ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի ֆինանսավորման համար՝ ներգրավելով գումարներ առանց պետական երաշխիքի: Այդ համատեքստում նշվել է, որ բանկը հետաքրքրված է բարձրավոլտ ենթակայանների վերազինման, վերակառուցման ֆինանսավորման հարցերով:
Նախարարի պաշտոնակատարը ողջունել է բանկի պատրաստակամությունը զարգացման ծրագրերի իրականացման գործում և վստահեցրել, որ մինչև ս.թ. մարտի 15-ը կքննարկվի անվճար հիմունքներով տեխնիկական աջակցության ցանկալի ձևաչափը և կներկայացվի ԱԶԲ-ին:
Շեյն Ռոզենթալի խնդրանքով Գարեգին Բաղրամյանը ներկայացրել է Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգի զարգացման հեռանկարները, գերակա ուղղությունները և վերականգնվող էներգետիկայի բնագավառում իրականացվող քաղաքականությունը, մասնավորապես՝ քամու և արևի ուղղություններով:
Զրուցակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել քննարկումները որոշ ծրագրերի շուրջ, որից հետո անցնել դրանց իրականացման մեխանիզմների մշակման գործընթացին: