Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

02.06.2011

ԱԷՄԳ-ի OSART հանձնախումբն ամփոփեց ՀԱԷԿ-ում ստուգումների արդյունքները

ԱԷՄԳ-ի OSART հանձնախումբն ամփոփեց ՀԱԷԿ-ում ստուգումների արդյունքները

Մայիսի 16-ից ՀԱԷԿ-ում ուսումնասիրություններ էր  անցկացնում  ԱԷՄԳ-ի հովանավորությամբ գործող OSART հանձնախումբը:

Ինչպես տեղեկացրել էինք, OSART-ը Հայաստան էր ժամանել ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգության վիճակը ստուգելու նպատակով:
Երկշաբաթյա  աշխատանքից հետո OSART հանձնախմբի ղեկավար Գաբոր Վամոշը, ՀԱԷԿ-ի տնօրեն Գագիկ Մարկոսյանը, ՀՀ կառավարությանը կից միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը հանդես եկան մամլո ասուլիսով և պատասխանեցին լրագրողների հարցերին:

osartampop_small

Մասնավորապես Գաբոր Վամոշը  հանրությանը ներկայացրեց OSART-ի ստուգումների արդյունքներն ու գնահատականները:

Ստորև ներկայացնում ենք OSART-ի մամլո հաղորդագրությունն ամբողջությամբ.

 

 Մամլո հաղորդագրություն

 Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության (ԱԷՄԳ) ղեկավարությամբ միջուկային տեղակայանքների անվտանգության գծով փորձագետների միջազգային խումբն անցկացրեց Մեծամոր քաղաքից ոչ հեռու գտնվող Հայկական Ատոմային Էլեկտրակայանի (ՀԱԷԿ) ստուգում` գնահատելու անվտանգության ապահովմանն ուղղված գործունեությունը, և նշեց որոշ դրական միջոցառումներ, ինչպես նաև դրանք ամրապնդելու մի շարք հանձնարարականներ:

Հայաստանի Կառավարության խնդրանքով ԱԷՄԳ-ը կազմեց փորձագետների միջազգային խումբ` ՀԱԷԿ-ի շահագործման անվտանգությունը ստուգելու նպատակով (OSART առաքելություն): ԱԷՄԳ` Միջուկային տեղակայանքների անվտանգության և պաշտպանության ստորաբաժանման ղեկավարությամբ 2011թ. մայիսի  16-ից հունիսի 2-ը OSART խումբն իրականացրեց շահագործման անվտանգության մանրամասն ստուգում: Խմբի կազմում ընդգրկվել են փորձագետներ Ֆինլանդիայից, Ֆրանսիայից, Լիտվայից, Հունգարիայից, Նիդերլանդներից, Սլովակիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, ԵՀ-ից և ԱԷՄԳ-ից:

 OSART առաքելությունը ստեղծվել է շահագործման անվտանգության համար կարևոր ծրագրերի և միջոցառումների ստուգման նպատակով: Այն չի հանդիսանում ոչ վերահսկող ստուգում, ոչ նախագծի գնահատում. այն չի փոխարինում կայանի անվտանգության ընդհանուր վիճակի համալիր ստուգումը: 2010թ. հունիսին ատոմային էլեկտրակայանների շահագործման անվտանգությանը նվիրված Միջազգային Կոֆերանսի մասնակից փորձագետները դիտարկեցին OSART ծրագրի փորձը և հանգեցին հետևյալ եզրակացությանը`

  • OSART առաքելությունների ժամանակ ԱԷԿ-ները գնահատվում են ըստ իրենց համապատասխանության ԱԷՄԳ անվտանգության ստանդարտներին, որոնք արտացոլում են առկա միջազգային համըմբռնումը` անվտանգության բարձր մակարդակի ապահովման նախադրյալների վերաբերյալ.
  • OSART-ի հանձնարարականներն ու առաջարկներն ունեն մեծ կարևորություն ԱԷԿ-ների շահագործման անվտանգության բարձրացման համար:

Բարձր է գնահատվում միջազգային միջուկային հանրության հանդեպ Հայաստանի թափանցիկ գործելակերպը և նրա պատրաստակամությունը հրավիրելու անվտանգությունը ստուգող ԱԷՄԳ առաքելություններ` գործունեությունը միջազգային գնահատման ներկայացնելու նպատակով: ՀԱԷԿ-ում անցկացված ԱԷՄԳ ստուգումների թվում են` 2003թ. նախագծային անվտանգության ստուգման առաքելությունը, 2007թ. անվտանգության հավանականային վերլուծության ստուգումը, 2009թ. սեյսմիկ անվտանգության գնահատումը:

ՀԱԷԿ-ում խումբն անցկացրեց կայանի շահագործման անվտանգության համար կարևոր ասպեկտների մանրամասն ստուգում, որոնք հիմնականում վերահսկվում են կայանի ղեկավարության կողմից: Ստուգման եզրակացությունները հիմնված են ԱԷՄԳ անվտանգության ստանդարտների և միջազգային հանրության կողմից ընդունված դրական փորձի վրա:

Ստուգումն ընդգրկել է այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են` կառավարում և կազմակերպական կառուցվածք, ուսուցում, շահագործում, տեխնիկական սպասարկում, տեխնիկական աջակցություն, շահագործման փորձ, ռադիացիոն պաշտպանություն և անցում շահագործման փուլից շահագործումից դուրս բերելու փուլ:

OSART խումբը հայտնաբերեց դրական փորձի օրինակներ, որոնք կհաղորդվեն բնագավառի մյուս ներկայացուցիչներին` դրանց կիրառումը դիտարկելու նպատակով: Օրինակների թվում են`

  • Վերջին տարիներին մի քանի կարևոր անվտանգության համակարգեր կատարելագործվել են կայանի անձնակազմի ուժերով: Նման բացառիկ մոտեցումն ապահովում է խորացված գիտելիքներ և հմտություններ, որոնք թույլ կտան անձնակազմին շահագործել և սպասարկել նոր սարքավորումները.
  • Կայանում ներդրվել է ուսուցման վարժասարք, որում օգտագործվել են կանգառի վիճակում գտնվող առաջին բլոկի մեքենասրահի հսկիչ-չափիչ վահանակները և սարքավորումները: Վարժասարքը գտնվում է մեքենասրահում և ճշգրտորեն համապասխանում է կայանի շահագործման այն պայմաններին, որոնցում աշխատում է շահագործող և վերանորոգող անձնակազմը.
  • Կայանն ունի առանձնահատուկ ամբողջական համակարգ և համապատասխան ընթացակարգ, որը նախատեսված է վթարային իրավիճակներում ռեակտորի հովացման համար: Համակարգն ապահովում է անվտանգության համակարգերը և սարքավորումները հոսանքով կայանի լրիվ հոսանքազրկման դեպքում: Շահագործող անձնակազմն անցնում է պարբերական ուսուցում տվյալ համակարգի կիրառման համար, որն ամրապնդում է վթարի դեպքում այն գործի դնելու ունակությունը:

Խումբը ներկայացրեց հանդձնարարականներ և առաջարկներ այն ուղղություների վերաբերյալ, որտեղ հնարավոր է Հայկական ԱԷԿ-ի շահագործման անվտանգության բարելավում: Օրինակների թվում են`

  • Ղեկավարությունը պետք է համալիր կերպով սահմանի, տեղեկացնի և շարունակաբար ամրապնդի իր սպասելիքները, որոնք վերաբերում են անվտանգության տեխնիկայի մասով վտանգները կանխելուն կամ դրանց մասին նախազգուշացնելուն և անհատական պաշտպանության միջոցների կիրառմանը.
  • Կայանը պետք է կատարելագործի շրջայցերի իրականացման կարգը` սարքավորումների թերությունների հայտնաբերումը ավելի արդյունավետ դարձնելու նպատակով:
  • Կայանում վերանորոգման աշխատանքների իրականացման գործելակերպը, որը ներառում է ընթացակարգի ճշգրիտ կատարում և պատշաճ գործիքների օգտագործում, պետք է բարելավվի` համապատասխան որակ և սարքավորումների անվտանգ ու հուսալի աշխատանք ապահովելու համար:

ՀԱԷԿ-ի ղեկավարությունը հաստատակամություն հայտնեց շտկելու բարելավման կարիք ունեցող բոլոր բնագավառները և ԱԷՄԳ հարցում ներկայացրեց տրված հանձնարարականների կատարման ստուգման նպատակով մոտավորապես 18 ամիս անց առաքելություն կազմակերպելու համար:

Խումբը կայանի ղեկավարությանը ներկայացրեց իր հանձնարարականների, առաջարկների և դրական փորձի նախնական տարբերակը «Տեխնիկական գրառումների» տեսքով ` հիմնավորված դիտողություններ ներկայացնելու համար:

Տեխնիկական գրառումները կդիտարկվեն ԱԷՄԳ գրասենյակում` հաշվի առնելով
ՀԱԷԿ-ի և ՀՀ Միջուկային Անվտանգության Կարգավորման Պետական Կոմիտեի կողմից ներկայացված բոլոր դիտողությունները: Վերջնական հաշվետվությունը կներկայացվի Հայաստանի Կառավարությանը երեք ամսվա ընթացքում:

Սա 161-րդ առաքելությունն է, որն անցկացվել է 1982 թվականից գործող OSART ծրագրի շրջանակներում: