ՀՀ ԷԲՊ նախարարության և ԱՄՆ պետական դեպարտամենտի միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր
Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ԱՄՆ պետական դեպարտամենտի միջև այսօր ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր` Հայաստանի Հանրապետության ավանդական և ոչ-ավանդական էներգետիկ ռեսուրսների գնահատման և բնութագրման բնագավառում համագործակցության վերաբերյալ:
Հուշագիրը ստորագրեցին Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը:
Փոխըմբռնման հուշագիրը հնարավորություն կտա Կողմերին համագործակցել և տեխնիկական ուսումնասիրություններ կատարել Հայաստանի Հանրապետությունում ավանդական և ոչ-ավանդական էներգետիկ ռեսուրսների արտադրական հզորությունների, տնտեսական վերլուծության, ռիսկերի, շահույթների և ներդրումների ներուժի վերաբերյալ, մշակել այսօրվա պահանջներին համահունչ ներդրումային նախագծեր, որոնցում նախատեսված կլինի լավագույն տեխնոլոգիաների օգտագործումը, և որոնք անվնաս կլինեն շրջակա միջավայրի համար:
Հուշագրի նպատակն է Հայաստանի Հանրապետության ավանդական և ոչ-ավանդական էներգետիկ ռեսուրսների գնահատման, հետախուզման, կայուն զարգացման և բնութագրման համար գիտելիքների և փորձաքննության փոխանակումը:
ԱՄՆ-ը մեծ փորձ ունի ավանդական և ոչ-ավանդական էներգետիկայի զարգացման բնագավառում: ԱՄՆ-ի օժանդակությամբ մի շարք երկրներում կատարվել են երկրաբանաֆիզիկաքիմիական հետազոտություններ` պարզելու համար այրվող թերթաքարերի պաշարները և նրանց ֆիզիկաքիմիական հատկությունները: ԱՄՆ-ի օժանդակությամբ ներդրվել են այրվող թերթաքարերից գազի և յուղի ստացման տեխնոլոգիաներ, մասնավորապես` Չինաստանում կառուցվել է 120 ՄՎտ հզորության ջերմային էլեկտրակայան, որն աշխատում է միայն թերթաքարային գազով:
2010 թվականի օգոստոսի 23-ից 25-ը ԱՄՆ-ի պետդեպարտամենտում կայացել է այրվող թերթաքարերից գազի և յուղի ստացմանը նվիրված համաժողով, որին մասնակցել են նաև ՀՀ ԷԲՊՆ ներկայացուցիչները: Միջոցառման կազմակերպիչների կողմից համաժողովին հրավիրել են այն երկրները, որտեղ բնական գազի պաշարներ չկան: Այդ երկրների թվում են եղել Հայաստանի Հանրապետությունը, Լատվիան, Էստոնիան, Ուկրաինան, Վրաստանը, Ինդոնեզիան, Բուլղարիան, Չիլին, Ուրուգվայը, Չինաստանը, Հնդկաստանը, Սուդանը, Լեհաստանը, Կոլումբիան, Պակիստանը, Պերուն, Հարաաֆրիկյան Հանրապետությունը և Ռումինիան: Կազմակերպիչների կողմից համաժողովին մասնակցող երկրներին առաջարկվել է դրամաշնորհային ծրագրերի իրականացում իրենց երկրներում այրվող թերթաքարերի քանակությունների և նրանց որակական ցուցանիշների ուսումնասիրման նպատակով, նշվել է ԱՄՆ-ի կազմակերպությունների և պետության պատրաստակամությունը այդ երկրներում ներդրումներ կատարելու վերաբերյալ:
Համաժողովի ընթացքում հայկական պատվիրակության կողմից կարճ տեղեկատվություն է ներկայացվել մեր երկրում այրվող թերթաքարերի և ընդհանրապես էներգետիկայի բնագավառի` գոյություն ունեցող հզորությունների, ծրագրային խնդիրների և այլնի մասին: Հայաստանի Հանրապետությունում առկա են մի շարք այրվող թերթաքարերի հանքավայրեր, որից կարելի է կորզել ինչպես գազային վառելիք, այնպես էլ թերթաքարային յուղ` ինչն իր հատկություններով շատ մոտ է հում նավթին և այն կարող է հանդիսանալ քիմիական նյութերի ստացման հումք: