Թեհրանում տեղի ունեցավ ՀՀ և ԻԻՀ միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը
Մայիսի 29-30-ը Թեհրանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հոբելյանական տասներորդ նիստը, որին մասնակցելու համար Իրան էր մեկնել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար, Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Մովսիսյանի գլխավորած պատվիրակությունը: ԻԻՀ պատվիրակությունը ղեկավարում էր հանձնաժողովի իրանական կողմի համանախագահ, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին:
Համատեղ նիստն անցավ փոխըմբռնման մթնոլորտում: Աշխատանքային խմբերի բանակցությունների և քննարկումների արդյունքում կողմերը պայմանավորվածություններ ձեռք բերեցին էներգետիկայի և ջրային պաշարների, առևտրի և արդյունաբերության, տրանսպորտի և հաղորդակցության, բանկային և ապահովագրական, գյուղատնտեսության, զբոսաշրջության, առողջապահության, քաղաքաշինության, արտակարգ իրավիճակների, միջնահանգային համագործակցության, դատաիրավական, արխիվային, աշխատանքի և սոցիալական հարցերի բնագավառներում համագործակցությունները զարգացնելու, նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները և նախագծերը իրականացնելու հարցերի շուրջ:
Համատեղ նիստի շրջանակներում Հ Հ էներգետիկայի և բնական պաշարների նախարար, Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նախագահ Արմեն Մովսիսյանը հանդիպումներ և բանակցություններ ունեցավ ԻԻՀ ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի, ԻԻՀ էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուի, ԻԻՀ նավթի նախարարի տեղակալների, ԻԻՀ տրանսպորտի նախարարի տեղակալի հետ : Համատեղ հանձնաժողովի նիստի ավարտից հետո տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 10-րդ նիստի մասին Փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը :
Այցի ավարտին Արմեն Մովսիսյանին ընդունեց ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: