Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

30.01.2019

Քննարկվել են «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ծրագրի իրականացման ընթացքն ու ընդլայնման հնարավորությունը

ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար, առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանը հունվարի  30-ին ընդունել է «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս Բի.Վի.» (Fotowatio Renewable Ventures B.V) ընկերության տնօրեն Նիկոլա Ֆասքուելին:

 Քննարկվել են Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային (ՖՎ) էլեկտրակայանի կառուցման  ծրագրի իրականացման ընթացքը, ժամկետները, ինչպես նաև ծրագրի  ընդլայնման հնարավորությունը: Գարեգին Բաղրամյանը հույս է  հայտնել, որ հնարավորինս սեղմ ժամկետում կավարտվեն ծրագրի նախապատրաստական աշխատանքները և կտրվի շինարարական աշխատանքների մեկնարկը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները վերահաստատել են  ծրագրի իրականացման հետագա փուլերում համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու պատրաստակամությունը:

Նշենք, որ «Մասրիկ-1» կայանը նախատեսվում է կառուցել Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում ամբողջությամբ մասնավոր ներդրումների ներգրավմամբ: Ընտրված տարածքում առկա են ժամանակակից հզոր ֆոտովոլտային կայան կառուցելու համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Կայանի հզորությունը թույլ կտա արտադրել տարեկան 120-150 մլն կՎտ·ժամ էլեկտրաէներգիա:

Հիշեցնենք, որ 2015 թվականին Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվեց դրամաշնորհային մի համաձայնագիր, որով սկիզբ դրվեց Արդյունաբերական մասշտաբի արևային էներգիայի ծրագրին: Մրցույթի արդյունքում նվազագույն սակագնի առաջարկը ստացվել է Նիդերլանդներից «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս Բի.Վի.» (Fotowatio Renewable Ventures B.V) և Իսպանիայից «ԷֆԷսԷլ Սոլար Էս.Էլ.» (FSL Solar S.L.) համաշխարհային առաջատար ընկերություններից կազմված կոնսորցիումի կողմից: Առաջարկվող սակագնի չափն է 0.0419 ԱՄՆ դոլար՝ 1 կՎտժ-ի դիմաց, առանց ԱԱՀ-ի (մոտ 20 դրամ):