Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

15.02.2011

2011 թվականին կշարունակվեն Էներգետիկ ոլորտի կարևորագույն ծրագրերը


2011 թվականին կշարունակվեն Էներգետիկ ոլորտի կարևորագույն ծրագրերը

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը փետրվարի 15-ին լրագրողներին ներկայացրեց էներգետիկ ոլորտի` 2011 թվականի գործունեության կարևորագույն ծրագրերն ու գերակա խնդիրները: Նախարարը նշեց, որ 2010 թվականի ընթացքում էներգետիկայի ոլորտի ձեռքբերումները հնարավորություն ընձեռեցին բավարար հիմքեր նախապատրաստել 2011 թվականին առաջընթաց կանխատեսելու, էներգահամակարգի համար գերակա ուղղություններ սահմանելու համար:

asulis2011_small

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը տեղեկացրեց, որ 2011 թվականի ընթացքում տեղի կունենա Մեղրի ՀԷԿ-ի շինարարության մեկնարկը: Կշարունակվեն նաև  Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի, ինչպես նաև Վրաստան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցման աշխատանքները:

Արմեն Մովսիսյանի խոսքով կշարունակվեն բանակցությունները  Համաշխարհային բանկի հետ Հրազդան-Շինուհայր 220 կՎ լարման գործող օդային գծի վերակառուցման ծրագրի շուրջ:

Նախարարը առանձնացրեց մի կարևոր ծրագիր ևս, որը վերաբերում է Հայկական ԱԷԿ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցմանը: Արմեն Մովսիսյանը տեղեկացրեց, որ այս տարի կսկսվեն բանակցությունները ներդրողների հետ:

2011 թվականի հաջորդ կարևոր ծրագիրը Իրան-Հայաստան նավթամթերքատար խողովակաշարի կառուցման գործընթացի կազմակերպումն է:

Ինչ վերաբերում է բնական պաշարների ոլորտին, ապա, այդ մասով 2011 թվականի կարևորագույն խնդիր է հանդիսանում «Ընդերքի մասին» ՀՀ նոր օրենսգրքի և նրանից բխող ենթաօրենսդրական ակտերի ընդունումը: Արմեն Մովսիսյանի խոսքով դրանք կնպաստեն ընդերքօգտագործման ոլորտի կարգավորման գործընթացին և արդյունքում նախադրյալներ կստեղծեն այդ ոլորտում տնտեսական զգալի աճ ապահովելու համար: