ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը նոյեմբերի 28-30-ը Վիեննայում մասնակցել է «Միջազգային գիտություն և տեխնոլոգիաներ՝ ուղղված ընթացիկ ու զարգացող մարտահրավերներին» խորագրով նախարարական համաժողովին:
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից կազմակերպված համաժողովի շրջանակում քննարկվել են արդյունաբերության տարբեր ճյուղերում միջուկային գիտության և տեխնոլոգիաների կիրառման, ինչպես նաև միջուկային գիտության միջոցով գլոբալ խնդիրների լուծմանն առնչվող հարցեր:
Համաժողովի մասնակից պետությունների պատվիրակները ներկայացրել են ոլորտի զարգացումները, ազգային փորձը:
Գարեգին Բաղրամյանն իր ելույթում ներկայացրել է ատոմային էներգետիկայի բնագավառում Հայաստանում իրականացվող միջոցառումները: Մասնավորապես, նշել է, որ «Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտի կողմից կատարված մշակումները ներդրվել են ոչ միայն Հայկական ատոմային էլեկտրակայանում, այլև տարբեր երկրների ԱԷԿ-երի աշխատանքում:
Նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ Հայաստանում մեծ ուշադրություն է դարձվում ատոմային էներգետիկայի բնագավառում բարձր որակավորված մասնագետների պատրաստմանը, կադրերի վերապատրաստմանն ու հմտությունների զարգացմանը: Այդ համատեքստում նշվել է, որ Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակում ձևավորվել է համագործակցություն ՌԴ Ազգային միջուկային հետազոտական համալսարանի (ՄԻՖԻ՝ «Մոսկվայի ֆիզիկա-ինժեներական ինստիտուտ») հետ, որը համապատասխան մասնագիտություններով քվոտաներ է հատկացնում Հայաստանի ուսանողների համար: