Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

15.11.2010

Սյունիքի լեռնահանքային երեք ձեռնարկությունների արտադրական ցուցանիշները գոհացուցիչ են

Այցելություն մարզ

Սյունիքի լեռնահանքային երեք ձեռնարկությունների արտադրական ցուցանիշները գոհացուցիչ են

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը  նոյեմբերի 12-ին աշխատանքային այցով մեկնել էր Սյունիքի մարզ: Այցի ընթացքում նախարարը խորհրդակցություններ է անցկացրել մարզի երեք լեռնահանքային ձեռնարկություններում` «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»   և «Դինո գոլդ մայնինք քամփնի» ՓԲԸ-երում: Ձեռնարկություններում կատարած շրջայցից հետո Արմեն Մովսիսյանը  արդյունքներն ամփոփեց լրագրողների հետ: Նա նշեց, որ աշխատանքային խորհդակցությունների նպատակն էր համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո քննարկել առաջիկա անելիքները, եկող տարվա ծրագրերը և հասկանալ, թե ինչ զարգացումներ են սպասվում Սյունիքի մարզի երեք խոշոր հանքարդյունաբերական ձեռնարկություններում:

aycel_syuniq22_small

«Աշխատանքային հանդիպման արդյունքներով բավական տպավորված եմ, այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք էին բերվել, բոլորը կատարված են»,-ասաց նախարարը:Արմեն Մովսիսյանը տեղեկացրեց նաև, որ Ագարակի կոմբինատը նախորդ տարվա համեմատ իր արտադրական ցուցանիշներն ավելացրել է մոտ 2 անգամ: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը Հայաստանի ողջ հանքարդյունաբերության ավանգարդի դերն է կատարում, իր բնեղեն արտադրանքն ավելացրել է մոտ 25 տոկոսով, ապրանքային արտադրանքը` մոտ 60 տոկոսով, դրան զուգահեռ բացվել են նաև նոր աշխատատեղեր: Կապանի կոմբինատում` «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ում, այս տարի բնեղեն արտադրանքն ավելացել է կրկնակի: Եթե նախորդ տարի մոտ 218 հազար տոննա հանքաքար է վերամշակվել, ապա 2010-ին վերամշակված հանքաքարի ծավալը կազմել է շուրջ 430-435 հազար տոննա: Եկող տարի այս ցուցանիշը նախատեսված է հասցնել մինչև 600 հազար տոննայի: Այստեղ աշխատատեղերի կրճատում չի եղել, ավելին` նախատեսել են եկող տարի ավելացնել աշխատողների թիվը:

«Այս թվերը խոսում են այն մասին, որ ճգնաժամից հետո հանքարդյունաբերությունը Սյունիքի մարզում ամբողջովին վերականգնվել է, ավելին` բոլորն իրենց արտադրական հզորություններն ավելացրել են: Այսօր համաշխարհային շուկայում տիրող մետաղների գների վիճակը թույլ է տալիս ձեռնարկություններին մտածել արտադրական, տեխնոլոգիական, տեխնիկական զարգացումների մասին: Հիմնական շեշտը, առօրյա հոգսերից բացի, արդեն դրված է նաև զարգացման խնդիրների վրա»,- ասաց նախարարը:

Արմեն Մովսիսյանը պայմանավորվածություն է ձեռք բերել կոմբինատների տնօրենների հետ, որ առաջիկա բոլոր ծրագրերն ավելի մանրամասն կքննարկվեն մասնագետների հետ, և կառավարությունը կփորձի ցույց տալ հնարավոր աջակցություն, որպեսզի դրանք իրականություն դառնան: Նախարարը հավաստիացրեց, որ հանրապետության նախագահի ուշադրության կենտրոնում են գտնվում հանքարդյուանբերության խնդիրները, պարբերաբար նրան զեկուցվում է կատարված և կատարվելիք աշխատանքների մասին:

«Այն ցուցանիշները, որ այս տարի կունենանք Սյունիքի երեք կոմբինատներում, թույլ են տալիս ասել, որ բոլոր ծրագրերն էլ կարելի է կյանքի կոչել»,-ասաց Արմեն Մովսիսյանը:

Անդրադառնալով Լեռնաձորի ուրանի հանքի հնարավոր շահագործման խնդրին` նախարարն ասաց, որ այսօր խոսքը գնում է միայն որոնողական աշխատանքների մասին.

«Դեռ չգիտենք` ուրան ունենք, թե չէ: Այնտեղ մենք ուսումնասիրում ենք և մոլիբդենի, և ոսկու, և ուրանի պաշարները. թե որը կլինի և որը կշահագործվի, դա ցույց կտա ժամանակը: Բոլոր դեպքերում   բնապահպանական խնդիրները չեն անտեսվի»,- նշեց Արմեն Մովսիսյանը: