Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

27.11.2018

Նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը և ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելել են ՀԱԷԿ

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը և Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը նոյեմբերի 27-ին այցելել են Հայկական ատոմային էլեկտրակայան (ՀԱԷԿ): Նրանց ուղեկցել են Հայկական ԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը և ՀԱէԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման  աշխատանքների կապալառու «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը:

Նախարարի պաշտոնակատարը և դեսպանը շրջայց են կատարել ՀԱԷԿ-ի տուրբինային արտադրամասում, եղել կենտրոնական ղեկավարման վահանակում, ծանոթացել կայանի շահագործման ժամկետի երկարաձգման ու արդիականացման նախագծի իրականացման ընթացքին։

Լրագրողների հետ ճեպազրույցում Գարեգին Բաղրամյանը նշել է, որ ՀԱԷԿ-ի շահագործման երկարաձգման և արդիականացման նախագծի իրականացման արդյունքում կաճի էլեկտրաէներգիայի արտադրությունը. «Բացի այն, որ մենք հնարավորություն ենք ստեղծում ատոմակայանի նախագծային ժամկետը երկարաձգել, միևնույն ժամանակ տեղի են ունենում էներգաբլոկի արդիականացման և շահագործման սարքավորումների վերազինման աշխատանքներ:  Ընդհանուր ծրագրի արդյունքում ունենալու ենք արդեն 10 տոկոս հզորության ավելացում, ընդ որում՝ նույն վառելիքի ծախսի պարագայում: Այսինքն՝ մենք կունենանք ավելի մեծ արտադրության ծավալ և ավելի ցածր սակագին»:

Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ ծրագրի շրջանակում արդեն ստորագրվել է 52 լրացուցիչ համաձայնագիր շուրջ 204 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր գումարով: Գործնականում ավարտվել է շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի առաջին փուլը:

Բաղրամյանը և Կոպիրկինն անդրադարձել են նաև հումանիտար բնագավառում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությանը, ինչպես նաև ատոմային էներգետիկայի բնագավառի կադրերի պատրաստմանը:

Հայաստանում ՌԴ դեսպանը նշել է, որ Ռուսաստանին և Հայաստանին պատմականորեն կապում են առանձնահատուկ, դաշնակցային հարաբերություններ։Խորհրդային տարիներին հայ և ռուս մասնագետների ուժերով կառուցվել է իր տեխնոլոգիայով յուրահատուկ Հայկական ԱԷԿ-ը: 

«Վերջին տարիներին հայ և ռուս մասնագետների հմուտ և համակարգված աշխատանքի շնորհիվ կայանում հսկայական ծավալի աշխատանք է իրականացվել։ Կողմերը կատարում են իրենց պարտավորությունները։ ՀԱէԿ-ի արդիանականցման ընթացքը գտնվում է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովի հատուկ հսկողության ներքո», - նշել է Սերգեյ Կոպիրկինը։

Այնուհետև  տեղի  է ունեցել պարգևատրման արարողություն. «Ռոսատոմ» ընկերության կողմից պարգևներ են հանձնվել Հայկական ատոմային էլեկտրակայանի 12 աշխատակիցների, որոնք մեծ ներդրում են ունեցել կայանի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի իրականացման գործում: