Հայաստանը կարևորում է Եվրամիության հետ համագործակցությունը
Հոկտեմբերի 19-ին Երևանում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև համագործակցության կոմիտեի շրջանակներում ստեղծված «Տրանսպորտի, բնապահպանության, էներգետիկայի և միջուկային անվտանգության» հարցերով համագործակցության ենթակոմիտեի առաջին նիստը: Ենթակոմիտեի համանախագահներն են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը և ԵՄ արտաքին հարաբերությունների ԵՄ արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության (Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա և Հարավային Կովկասի երկրներ) հանձնաժողովի ստորաբաժանման ղեկավար Ջոն Կայերը:
Միջոցառմանը մասնակցում էին Երևանում ԵՄ ներկայացուցչության, ՀՀ համապատասխան գերատեսչությունների և շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը ներկայացրեց Հայաստանի էներգետիկ ոլորտի վերջին զարգացումները, այդ թվում` Էներգետիկ ռազմավարության և քաղաքականության, գազի, էլեկտրաէներգիայի և նավթի ոլորտների, էներգետիկ անվտանգության և ենթակառուցվածքների, էներգաարդյունավետության և վերականգնվող էներգետիկայի ընդհանուր զարգացումները:
Ներկայացվեցին նաև ԵՄ, Մերձկասպյան տարածաշրջանի և դրանց հարևան երկրների միջև տարածաշրջանայիին համագործակցության և INOGATE ծրագրը,
ՀՀ-ում և ԵՄ-ում տրանսպորտի ոլորտի վերջին զարգացումների, տրանսպորտի ոլորտում տարածաշրջանային համագործակցության, ավիացիային առնչվող հարցեր և այլն:
Արեգ Գալստյանը շեշտեց Եվրամիության հետ համագործակցության կարևորությունը և նշեց, որ Հայաստանը շարունակելու է ակտիվ դերակատարություն ունենալ տրանսպորտի, բնապահպանության, էներգետիկայի և միջուկային անվտանգության հարցերով համագործակցության հետագա ամրապնդման գործում:
Ջոն Կայերը իր հերթին շնորհակալություն հայտնեց նիստի կազմակերպման համար և հաստատեց, որ միջոցառումը կնպաստի նոր սկզբնավորված Արևելյան համագործակցության ծրագրի նպատակներին: