Հայաստանի էներգահամակարգում տվյալների հավաքագրման և կարգավարական կառավարման SCADA (Supervisory Control And Data Acquisition) համակարգի նախագիծը նախատեսվում է իրականացնել մի քանի փուլով: Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային համագործակցության ճապոնական բանկի միջև (ներկայումս` Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալություն` ՃՄՀԳ) կնքված «Էլեկտրահաղորդման և բաշխիչ համակարգեր» վարկային համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է 5 մլրդ 399 մլն ճապոնական իեն (շուրջ 56 մլն ԱՄՆ դոլար) գումար` SCADA/կապի համակարգի առաջին փուլի իրականացման և 110 կՎ ենթակայանների վերականգնման նպատակով:
«Էլեկտրահաղորդման և բաշխիչ համակարգեր»`ARM-P1վարկի տրամադրման պայմանները հետևյալ են` խորհրդատվական ծառայությունների համար մարման ժամկետը 40 տարի է, որից 10 տարին արտոնյալ է (տարեկան տոկոսադրույքը` 0,75 %): Ապրանքների և այլ գնումների համար մարման ժամկետը 30 տարի է, որից 10 տարին ևս արտոնյալ է (տարեկան տոկոսադրույքը` 1,8 %):
Ծրագիրն իրականացվել է «Էներգաինվեստ ԾԻԳ» ՊՀ-ի կողմից: Առաջին փուլի իրականացման նպատակով 2008թ. փետրվարի 11-ին պայմանագիր է կնքվել միջազգային մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված «ABB AB (Շվեդիա) & Eltel Netwօrks (Ֆինլանդիա)» համատեղ ձեռնարկության հետ, որի կազմում ընդգրկված ընկերությունները մեծ փորձ ունեն տարբեր երկրներում նմանատիպ ծրագրերի իրականացման ուղղությամբ: Պայմանագրի գումարը կազմում է 1 330 753 330 ճապոնական իեն (շուրջ 14 մլն ԱՄՆ դոլար): Ծրագրի շահառուն է «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ն:
SCADA/կապի համակարգի առաջին փուլի իրականացման աշխատանքներն ընդգրկել են 220 կՎ լարման 14 ենթակայան և 12 արտադրող կայան: Բոլոր ենթակայանները և կայանները Ազգային Կարգավարական Կենտրոնի (ԱԿԿ) հետ կապվել են բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի ամպրոպապաշտպան ճոպանի մեջ ներկառուցված 450 կմ ընդհանուր երկարությամբ օպտիկամանրաթելային OPGW մալուխով, 22 կմ ստորգետնյա օպտիկամանրաթելային մալուխով, ինչպես նաև բարձր հաճախականային կապուղիներով, որոնց միջոցով ենթակայաններից և կայաններից տվյալները մեծ արագությամբ և բարձր ճշտությամբ տեղափոխվում են ԱԿԿ:
Երևանում գործարկվեց «SCADA» կապի համակարգը