
Շինարարությունը պետք է իրականացվի 5 տարվա ընթացքում, որից հետո 15 տարի Մեղրի ՀԷԿ-ի արտադրած էլեկտաէներգիան պետք է տեղափոխվի Իրան` ներդրողի կողմից կառուցվող 230 կՎ լարման էլեկտրահաղորդման գծով:
Շահագործման 15-րդ տարվա ավարտին Մեղրի ՀԷԿ-ը պետք է անհատույց փոխանցվի հայկական կողմին: Ընդ որում, համատեղ փորձարկումներով պետք է հիմնավորվի, որ փոխանցման պահին ՀԷԿ-ի էլեկտրամեխանիկական և հիդրոմեխանիկական սարքավորումներն ունեն օգտակար շահագործման առնվազն 10 տարվա ռեսուրս, իսկ թունելը և ինժեներական կառույցները` առնվազն 30 տարվա ռեսուրս:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյան, կարեւորելով պայմանագրի ստորագրումը և նրանից բխող ծրագրի իրականացումը, ասաց.
-Մեղրի ՀԷԿ-ի շինարարությունը կսկսվի առաջիկայում: Ժամկետների վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք կբերվի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ Իրան այցելության ժամանակ, որը տեղի է ունենալու այս ամիս։
ԻԻՀ էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջունի խոսքով Մեղրի ՀԷԿ-ի ծրագիրը, երկու կողմերի համար էլ շատ հաջողված ծրագիր է.
-Այս նախագիծը դեռ սկզիբն է այն բոլոր ծրագրերի, որոնք իրականացվելու են էներգետիկ ոլորտում,- ընդգծեց Մաջիդ Նամջուն` ավելացնելով, որ արդեն իսկ ծրագրվում են այլ նախագծեր:
Մեղրի ՀԷԿ-ի շինարարության տարբեր փուլերում ընդհանուր առմամբ ներգրավված են լինելու շուրջ 2 հազար մասնագետներ և բանվորներ: Իրանական կողմի հետ պայմանավորվածության համաձայն` ինչպես ՀԷԿ-ի շինարարության, այնպես էլ` շահագործման ընթացքում, ներդրող ընկերությունը պետք է հնարավորինս ներգրավի տեղական աշխատուժը:
ՀՀ կառավարության և ԻԻՀ կառավարության միջև Արաքս սահմանային գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու և շահագործելու նպատակով միջկառավարական երկու համաձայնագրերը ստորագրվել են դեռևս 2007թ. և 2008թ. որոնք վավերացվել են երկու երկրների խորհրդարանների կողմից:

ՀՀ էներգետիկայի նախարարության և ԻԻՀ էներգետիկայի նախարարության միջև 2001 թ. ստորագրված Փոխըմբռնման հուշագրի հիման վրա, Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայանների կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորման (ՏՏՀ) աշխատանքները կատարել է իրանական «Մահաբ-Ղոդս» խորհրդատվական ընկերությունը` Իրանի ջրային և էներգետիկ զարգացման ընկերության պատվերով: ՏՏՀ-ի մշակման աշխատանքները համակարգվել և վերահսկվել են հայ-իրանական Համատեղ տեխնիկական կոմիտեի կողմից: Ըստ ՏՏՀ-ի` Արաքս գետի վրա նախատեսվում է կառուցել երկու ՀԷԿ, հայկական կողմում` Մեղրի ՀԷԿ-ը, իրանական կողմում` Ղարաչիլար ՀԷԿ-ը:
ՏՏՀ-ի համաձայն` Մեղրի ՀԷԿ-ի հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշները հետևյալն են.
| 
 Բնութագիր  | 
 Ցուցանիշ  | 
| 
 Ջրի հաշվարկային ելքը  | 
 160 մ3/վ  | 
| 
 Հաշվարկային հզորությունը  | 
 130 (2x65) ՄՎտ  | 
| 
 Էլեկտրական էներգիայի արտադրանքը  | 
 793 մլն.կՎտժ/տարի  | 
| 
 Դերիվացիայի (թունելի) երկարությունը  | 
 18200 մ  | 
| 
 Թունելի ներքին տրամագիծը  | 
 8.5 մ  | 
| 
 Հաշվարկային ճնշումը  | 
 90  | 
2009թ. ապրիլի 14-ին ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի` ԻԻՀ կատարած այցի ընթացքում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ԻԻՀ էներգետիկայի նախարարության միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր` Մեղրի ՀԷԿ-ի կառուցման ֆինանսավորման սխեմայի վերաբերյալ: Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդրումների վերադարձի ողջ ժամակնակահատվածում իրանական ներդրողից գնել Մեղրի ՀԷԿ-ի արտադրած էլեկտարէներգաիայի ամբողջ ծավալը: Ըստ ֆինանսավորման սխեմայի` Մեղրի ՀԷկ-ի կառուցման ծախսը կկազմի մոտ 323 մլն ԱՄՆ դոլար: