Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

14.11.2018

Էներգետիկայի բնագավառում ներդրումային գրավիչ միջավայրի ստեղծում. մեկնարկել է «Էներգետիկայի շաբաթ 2018» համաժողովը

Նոյեմբերի 14-ին Երևանում մեկնարկել է «Էներգետիկայի շաբաթ 2018»  համաժողովը: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը, չունենալով սեփական վառելիքաէներգետիկ ռեսուրսներ, մեծ կարևորություն է տալիս վերականգվող էներգետիկայի ներուժի օգտագործմանը: Այս նպատակով կառավարությունը տնտեսության զարգացման առաջնահերթություններից է համարում վերականգնվող էներգետիկայի զարգացումը:  Սրան են ուղղված բոլոր քայլերը՝ ներառյալ օրենսդրական դաշտի բարելավումը, կանխատեսելի սակագնային քաղաքականությունը ու ներդրողների հետ տարվող աշխատանքները:

 Փոխվարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ կառավարությունը ձեռնամուխ է եղել Հայաստանի էլէներգիայի շուկայի փուլային ազատականացման գործընթացին:       

«Կայուն, խելացի էներգետիկան տնտեսության դինամիկ զարգացման կարևորագույն պայմաններից մեկն է՝ ուղղված մարդկանց կյանքի բարելավմանը և կենսամակարդակի բարձրացմանը: Հայաստանի կառավարությունը բաց է համագործակցության համար և խրախուսում է ակտիվ երկխոսությունը և փոխգործակցությունը բոլոր ուղղություներով»,- նշել է Ավինյանը:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, նշել է, որ ավանդական դարձած այս միջոցառումը լավ հարթակ է՝ ներկայացնելու Հայաստանի էներգետիկ համակարգի ձեռքբերումները, ոլորտում վերջին զարգացումները, նոր ներդրումային ծրագրերը և նախագծերը, ինչպես նաև քննարկելու, վեր հանելու այն խնդիրները, քայլերը, որոնք էլ ավելի գրավիչ և բարենպաստ կդարձնեն էներգետիկայի բնագավառի ներդրումային միջավայրը:

Նախարարի պաշտոնակատարն իր ելույթում, կարևորելով տարածաշրջանային համագործակցությունը, ընդգծել է.

«Մենք արդյունավետ համագործակցություն ենք իրականացում մեր հարևանների՝ Իրանի Իսլամական Հանրապետության և Վրաստանի հետ: 2020-21թթ. շահագործման կհանձնվեն Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան 400 կՎ էլեկտրահաղորդման գծերը, որոնք լիովին նոր մակարդակի կբարձրացնեն Հայաստանի էներգետիկ համակարգը: Նշված ծրագրերի իրագործումը թույլ կտա իրականացնել էլեկտրաէներգիայի տարանցումներ, սեզոնային փոխհոսքեր, փոխանակումներ, առևտրային գործարքներ»:  

Բաղրամյանը նշել է, որ Հայաստանի էներգետիկ համակարգը նաև կամուրջ է հանդիսանում Եվրասիական տնտեսական միության և Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկ համակարգերի միջև:

«Սա նույնպես լայն հնարավորություն է ստեղծում իրականացնելու բազմաթիվ ներդրումային ծրագրեր ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի կողմից»,- նշել է նա:

Նախարարի պաշտոնակատարը կարևորել է նաև Հայաստանում վերականգնվող էներգետիկայի զարգացումը, այդ թվում՝ արևային, հողմային, երկրաջերմային և հիդրոէներգետիկայի ուղղությունները:

«Բազմաթիվ փորձագիտական հետազոտությունների արդյունքների համաձայն՝ Հայաստանն ունի արևային էներգետիկայի զարգացման մեծ ներուժ: Կատարելով օրենսդրական մեծածավալ բարեփոխումներ, կիրառելով ոլորտում առկա համաշխարհային լավագույն փորձը՝ մենք ստեղծել ենք ներդրողների համար գրավիչ դաշտ»,- ընդգծել է Գարեգին Բաղրամյանը:

Այդ համատեքստում նախարարի պաշտոնակատարը նշել է, որ Հայաստանի նոր կառավարությունը, կարևորելով ոլորտի զարգացումը, կստեղծի բոլոր հնարավորությունները համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների համար Հայաստանի վերականգնվող էներգետիկայում ներդրումներ իրականացնելու համար:

Եռօրյա համաժողովի՝ «Էներգետիկայի շաբաթ 2018»-ի  ընթացքում կներկայացվեն Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտի վերջին զարգացումները, ներդրումային հնարավորությունները, տեխնոլոգիական և ինժեներական լուծումները, հեռանկարային ծրագրերը: Անդրադարձ կլինի երկրաջերմային, հողմային և հիդրոէլեկտրակայանների կառուցման ներդրումային ծրագրերին, արևային ՖՎ ներդրումային հինգ ծրագրերին:

Համաժողովի մոտ 300 մասնակիցների թվում են դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, օտարերկրյա ներդրողներ, փորձագետներ, մասնավոր և հանրային հատվածի, պետական կառույցների ներկայացուցիչներ:  

Հիշեցնենք, որ «Էներգետիկայի շաբաթ» ներդրումային համաժողովը էներգետիկ ոլորտի ամենամյա կարևոր միջոցառումներից է, որը կազմակերպվում է 2008 թվականից: