Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

15.10.2010

Մեկնարկեց Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ գծի շինարարությունը

 Մեկնարկեց Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ գծի շինարարությունը

Հոկտեմբերի 14-ին երկօրյա այցով Երևան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուի գլխավորած պատվիրակությունը: Այցի ընթացքում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և ԻԻՀ էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն քննարկեցին երկու երկրների էներգետիկ բնագավառում իրականացվող ծրագրերի ընթացքը:

Նույն օրը Գեղարքունիքի մարզում, Երևան-Սևան ավտոմայրուղու հարևանությամբ, երկու երկրների նախարարների մասնակցությամբ, տեղի ունեցավ «Իրան–Հայաստան 400կՎ երրորդ էլեկտրահաղորդման գծի» շինարարության հիմնարկեքի արարողությունը:

iranhayastan_barzr3_small

Իրանի և Հայաստանի էներգահամակարգերի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման հզորություններն ավելացնելու նպատակով, նոր երկշղթա էլեկտրահաղորդման գծի կառուցման համաձայնությունը ձեռք է բերվել  դեռևս 2004 թվականի դեկտեմբերին: 2006 թվականի մայիսին արդեն  երկու երկրների  էներգետիկայի նախարարները ստորագրեցին կառուցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր: 2006 թվականի հուլիսին «Հյաստանի  Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերությունն ու իրանական «Սանիր» ընկերությունը ստորագրեցին «Իրան–Հայաստան 400կՎ երրորդ երկշղթա էլեկտրահաղորդման գծի և համապատասխան ենթակայանի նախագծման, նյութերի ու սարքավորումների մատակարարման և շինարարության» այմանագիրը: Այսօր արդեն օդային գծի նախագծային աշխատանքները ավարտված են: Ծրագրի ֆինանսավորումն իրականացնում է Իրանի «Զարգացման, արտահանման բանկը»:

Ի դեպ ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել նաև նոր` 400/220կՎ  «Նորավան» ենթակայանը:

«Իրան–Հայաստան 400կՎ երրորդ երկշղթա էլեկտրահաղորդման գծի» և «Նորավան» ենթակայանի կառուցումը հնարավորություն կտա երկու երկրների էներգահամակարգերի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը 350ՄՎտ-ից հասցնել մինչև 1000ՄՎտ-ի, և միաժամանակ կբարձրացնի Հայաստանի էներգահամակարգի հարավային և կենտրոնական հատվածների կապի հուսալիությունը, երկու երկրների էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի հուսալիությունը և Հայաստանի էներգետիկ անվտանգությունը:

«Իրան–Հայաստան 400կՎ երրորդ երկշղթա էլեկտրահաղորդման գծի» և  «Նորավան» ենթակայանի  շինարարության արժեքը կկազմի 107,9 մլն Եվրո: Շինարարությունը պետք է իրականացվի 18 ամսվա ընթացքում:

Իրան–Հայաստան 400կՎ երկշղթա Օդայի գծի` Հայաստանում կառուցվող հատվածի երկարությունը մոտ 275կմ է (Իրանի սահմանից մինչև «Նորավան» ենթակայան  80կմ է,  «Նորավան» ենթակայանից մինչև  Հրազդանի 5-րդ էներգաբլոկ` 195կմ է ): Իրանի տարածքում Օդային գծի շղթաներից մեկը (մոտ 100կմ) միանալու  է
«Ահար» ենթակայանի հետ, իսկ երկրորդ շղթան (մոտ 63կմ) միանալու է  «Ջուլֆա» ենթակայանի հետ: