Այցելություն մարզ
Նախարար Արմեն Մովսիսյանն այցելել է Լոռու մարզ
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հոկտեմբերի 8-ին այցելեց Լոռու մարզ, մասնավորապես` ք. Վանաձոր: Այցի ընթացքում նախարարը եղավ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ «Հյուսիսային» մասնաճյուղում, ծանոթացավ մասնաճյուղի համապատասխան ենթակայանների և Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների միջև ֆինանսական համագործակցության շրջանակներում տրամադրված վարկերով իրականացվելիք աշխատանքների ներկայիս վիճակի հետ:
«Հյուսիսային» մասնաճյուղի պատմությունը սկսվում է 1933թ.-ից, երբ շահագործման հանձնվեց առաջին 110 կՎ օդային գիծը, որը կապեց Ձորա ՀԷԿ-ը «Ղարաքիլիսա» 110 կՎ (Վանաձոր-1 110կվ) ենթակայանի հետ: Հետագայում «Ղարաքիլիսա» 110 կվ (Վանաձոր-1 110կՎ) ենթակայանի հիմքի վրա ստեղծվեց 1937թ «Հայէներգո»-ի Կիրովականի ցանցային տեղամասը, 1960թ այն վերանվանվեց «Հայէներգո»-ի «Հյուսիսային» ցանցային շրջան, հետագայում` «Հայէներգո»-ի ՊՁ «ԲԷՑ» ԴՁ «Հյուսիսային» մասնաճյուղ, իսկ 1998թ. հուլիսի 20-ին` ՀՀ էներգետիկայի նախարարության «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ «Հյուսիսային» մասնաճյուղ:
Այսօր «Հյուսիսային» մասնաճյուղում աշխատում է մոտ 80 մարդ: «Հյուսիսային մասնաճյուղում» ընդգրկված են «Վանաձոր-2» 220 կՎ, «Ալավերդի-2» 220 կՎ և «Վանաձոր-1» 110 կՎ, ինչպես նաև 110,8 կմ - 330 կՎ (որը միացված է 110կՎ լարման սնող գծին), 165,7 կմ – 220 կՎ և 68,9 կմ – 110 կՎ օդային գծերը:
Հայաստանի Հանրապետության և ԳԴՀ կառավարությունների միջև ֆինանսական համագործակցության շրջանակներում տրամադրված վարկերով վերակառուցվել և շահագործման են հանձնվել.
-«Վանաձոր-2» ենթակայանը (ամբողջապես վերակառուցվել է և շահագործման հանձնվել 2003թ հուլիսի 4-ից),
-«Ալավերդի-2» 220կՎ ենթակայանը (ամբողջապես վերակառուցվել է և շահագործման հանձնվել 2006թ հոկտեմբերի վերջին),
-«Վանաձոր-1» ենթակայանը (մասնակիորեն վերակառուցվել է և շահագործման հանձնվել 2010թ-ի սեպտեմբերի 16-ին):