Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

05.10.2010

Վերականգնվող էներգետիկայի շաբաթ` Երևանում

Վերականգնվող  էներգետիկայի շաբաթ` Երևանում

Հոկտեմբերի 5-ին Երևանում մեկնարկեց «Վերականգնվող էներգետիկայի շաբաթ 2010»  միջոցառումների շարքը: Հայաստանի վերականգնվող  էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի, ինչպես նաև «էքսպոմեդիա»  ցուցահանդեսների նախագծման կենտրոնի աջակցությամբ իրականացված այդ նախաձեռնությունը մասնագիտական միջոցառում է, որին մասնակցում են ոլորտի առաջատար մասնագետները, արտադրող ընկերություններն ու ներմուծողները:

verenergy_shabat1_small

Ծրագրում մեծ տեղ է հատկացված գիտական նվաճումներին և տեխնոլոգիական զարգացումներին` ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում: «Վերականգնվող էներգետիկայի շաբաթ 2010»-ը  նոր կապերի լավ  հնարավորություն է, և մասնակիցներին թույլ կտա ծանոթանալ վերականգնվող էներգետիկայի ոլորտի արդի տեխնոլոգիաներին  ու գիտական նվաճումներին, ֆինանսական շուկայի ներգրավման տարբերակներին ու հնարավորություններին:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը շրջեց «Վերականգնվող էներգետիկայի շաբաթ 2010»-ի շրջանակներում գործող ցուցահանդեսում, ծանոթացավ ներկայացված նյութերին ու առաջարկներին: Նախարարը ողջունեց միջոցառման մասնակիցներին և ասաց.

-Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության զարգացումը Հայաստանի Հանրապետության ընդհանուր էներգետիկ ոլորտի զարգացման ռազմավարության չորս հիմնարար սկզբունքներից մեկն է: Այս հանգամանքը ամրագրված է հանրապետության էներգետիկ և անվտանգության ոլորտները նկարագրող մի շարք պաշտոնական փաստաթղթերում ու նախատեսված է  ՀՀ կառավարության մինչև  2025թ. գործողությունների ծրագրով:

Նախարարը տեղեկացրեց, որ Հայաստանի համար հեռանկարային է  հատկապես  հիդրո, արեգակնային և հողմաէներգետիկ ռեսուրսների յուրացումը, երկրաջերմային էներգիան, ինչպես նաև կենսազանգվածային թափոններից շարժիչային վառելիքների արտադրության հիմնումը, որը Հայաստանում կարող է դառնալ ռազմավարական նշանակության գործոն:

-Հայաստանում վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության զարգացման գործում անգնահատելի է միջազգային և տարածաշրջանային համագործակցության, տեխնոլոգիաների, գիտելիքների և ունակությունների փոխանակման դերը: Այս կարևոր ասպարեզում իր լուրջ ներդրումն ունի Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորվող Վերականգնվող էներգետիկայի ծրագիրը, որն իրականացվում է «Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի» կողմից,-ասաց ՀՀ Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար ԱրմենՄովսիսյանը: