Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում նոյեմբերի 2-ին կայացել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էր նաև ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:
Ընդլայնված կազմով նիստի ընթացքում, ըստ օրակարգի, քննարկվել են մի շարք հարցեր, որին հաջորդել է փաստաթղթերի ստորագրման արարողությունը:
Էներգետիկայի բնագավառում, մասնավորապես, ստորագրվել է «Միջուկային վթարի կամ ճառագայթային վթարային իրավիճակի ստեղծման դեպքում պատրաստակամություն ապահովելու գործում ԱՊՀ մասնակից երկրների փոխգործակցության և հետևանքների վերացման գործում փոխօգնության մասին» համաձայնագիրը:
Փաստաթղթի նպատակն է ապահովել միջուկային ու ճառագայթային անվտանգություն, խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման պարագայում նվազեցնել բնակչության առողջության և շրջակա միջավայրի վրա բացասական հետևանքները, ինչպես նաև պարզեցնել վթարավերականգնողական խմբերի, սարքավորումների, տրանսպորտային միջոցների և անհրաժեշտ նյութերի տեղաշարժի ընթացակարգերը:
Ստորագրվել է նաև բարձր տեխնոլոգիական էներգետիկական սարքավորումների արտադրության զարգացման ոլորտում ԱՊՀ մասնակից երկրների համագործակցության հայեցակարգը և հիմնական միջոցառումների ծրագիրը: Այդ համատեքստում նշվել է, որ տնտեսության տարբեր ճյուղերը մրցունակ սարքավորումներով և ծառայություններով ապահովելն ԱՊՀ մասնակից պետությունների, այդ թվում՝ Հայաստանի, կարևոր խնդիրներից է:
Հայեցակարգը մատնանշում է ԱՊՀ մասնակից երկրներում արտադրված էներգետիկ սարքավորումների կիրառումը խթանելու հիմնական մոտեցումները, այդ ոլորտում երկրների համագործակցության հիմնական նպատակները, խնդիրները, սկզբունքները:
Փաստաթուղթն ուղղված է երկրների միջև ապրանքաշրջանառության աճին, էներգետիկական սարքավորումներ արտադրողների դիրքի ամրապնդմանը, արտադրության և շահագործման ոլորտում համագործակցությանը, այդ շուկայի զարգացմանը: