Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

25.08.2010

Արմավիրի մարզպետարանում տեղի ունեցան ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ առաջին հանրային լսումները

Արմավիրի մարզպետարանում տեղի ունեցան ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ առաջին հանրային լսումները

ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, «Մեծամորէներգոատոմ» ՓԲԸ-ն Արմավիրի մարզպետարանի  հետ միասին  ս.թ. օգոստոսի 24-ին Արմավիրի մարզպետարանում անցկացրեցին  հանրային լսումներ` Հայկական ատոմային էլեկտրակայանի հրապարակում, Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի հարևանությամբ կառուցվելիք Հայաստանի նոր միջուկային էներգաբլոկի  կառուցման վերաբերյալ:

armavir_marzpetaran1_small

Լսումների ընթացքում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը ներկայացրեց ծրագրի  հետ կապված մի շարք մանրամասներ: Նա հանդիպման մասնակիցներին տեղեկացրեց, որ Հայաստանի Հանարպետությունում կառուցվող նոր միջուկային էներգաբլոկը փոխարինելու է Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) երկրորդ էներգաբլոկի արտադրող հզորությանը, որը ներկայումս ապահովում է էլեկտրաէներգիայի հանրապետության  պահանջարկի ավելի քան 40%-ը:

Նոր միջուկային էներգաբլոկը կահավորվելու է  Ռուսաստանի Դաշնության  ջրաջրային էներգետիկական` 1060 ՄՎտ բրուտո  հզորության, ԱԷԿ-92 նախագծի ռեակտորով, որը  համալրված է անվտանգության պասիվ համակարգերով: ԱԷԿ-92 նախագծի ռեակտորային տեղակայանքը մշակված է Ռուսաստանի Դաշնության և Եվրամիության  ատոմային էլեկտրակայաններին ներկայացվող պահանջների (ԵԷՊ), ինչպես նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) օրենսգրքերի և ստանդարտների հիման վրա, և այն ստացել է ԵԷՊ-ին համապատասխանության Հավաստագիր: ԱԷԿ-92 նախագծի միջուկային էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը 60 տարի է: Արեգ Գալստյանը տեղեկացրեց նաև, որ Հայաստանի Հանարպետությունում կառուցվող նոր միջուկային էներգաբլոկի կառուցումը սկսվելու է 2011թ-ին` կառուցման հրապարակի նախապատրաստական աշխատանքներով:  Այն  զզբաղեցնելու է էներգետիկ նշանակության մոտ 74 հա հողատարածք, որն ամբողջությամբ ներառված է  ներկայիս ՀԱԷԿ-ի հրապարակում, պատկանում է Հայաստանի կառավարությանը ևլ լրացուցիչ հողահատկացում չի պահանջվելու: Նախարարի տեղակալը նշեց նաև, որ Հայաստանի նոր միջուկային էներգաբլոկի աշխատակազմը գնահատվել է 900 մարդ, էներգաբլոկի համար կիրառվելու է ներկայումս ՀԱԷԿ-ում շահագործվող նմանատիպ բնական քարշով հովացման աշտարակ և, հավանաբար, հովացման ջուրը վերցվելու է հրապարակից մոտ 7կմ հեռավորության վրա գտնվող ստորգետնյա ջրհավաք ավազանից (Լճակ պարզարան) և Սևջուր գետից,  նոր միջուկային էներգաբլոկը էլեկտրաէներգիա է հաղորդելու այն նույն 110 կՎ և 220 կՎ էլեկտրահաղորդման օդային գծերով, որոնք ներկայումս շահագործվում են ՀԱԷԿ-ի Բլոկ 2-ի համար: Նոր 400 կՎ էլեկտրահաղորդման գիծը միջուկային նոր էներգաբլոկը կմիացնի Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ բլոկի ենթակայանի հետ: Հնարավոր է կառուցվեն նաև միջպետական նոր էլեկտրահաղորդման օդային գծեր:  Հանդիպման մասնակիցներին հիմնականում հետաքրքրում էին նոր էներգաբլոկի կառուցման և շահագործման անվտանգության ապահովման խնդիրները: Արեգ Գալստյանը նշեց, որ էներգաբլոկը համապատասխանելու է միջազգային ստանդարտներին և  ապահովված է լինելու անվտանգության բոլոր անհրաժեշտ համակարգերով:

Հիշեցնենք, որ 2009թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է  «Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկի /ների/ կառուցման մասին» ՀՀ օրենքը:

2009թ. դեկտեմբերի  3-ին ընդունվել է  «Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկի/ների/ կառուցման նպատակով փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին» թիվ 1458 որոշումը:

Համաձայն ՀՀ կառավարության վերոնշյալ որոշման` Հայաստանի Հանրապետության տարածքում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման  նպատակով ստեղծվել է «Մեծամորէներգոատոմ» փակ բաժնետիրական ընկերությունը: