Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հունիսի 22-ին հանդիպեց լրագրողների այն խմբի հետ, ովքեր այցելել էին Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղ, որտեղ իրականացվում են ուրանի պաշարների ուսումնասիրության աշխատանքներ:Նախարարը պատասխանեց այդ աշխատանքներին վերաբերող բոլոր հարցադրումներին:Ինչպես հայտնի է, բնապահպանական մի շարք կազմակերպություններ ու Լեռնաձորի բնակչությունը տագնապի մեջ են ուրանի պաշարների հնարավոր շահագործումից:

Նախարարը  մանրամասն բացատրեց, որ դեռ պետք է պարզվի այդ տարածքում ուրանի  գոյությունը։ Դրանից հետո պետք է մասնագիտական լուրջ աշխատանք կատարվի,  հասկանալու համար, թե ի՞նչ ծավալի ուրան կա Լեռնաձոր գյուղի մերձակայքում, և  եթե կա, ապա այդ ծավալը արդյունահանման տեսակետից որևէ հետաքրքրություն  ներկայացնում է թե ոչ։ Արմեն Մովսիսյանը մի քանի անգամ շեշտեց, որ նշված  հարցերի պատասխանը կարելի է ստանալ միայն երկրաբանահետախուզական  աշխատանքների, փորձնական (հետախուզական) հորատանցումների միջոցով, ինչն էլ  արվում է այս փուլում: Նա վստահեցրեց որ այդ հորատումները ռադիացիոն վտանգ  չեն ստեղծում և Լեռնաձորի բակչությանը, կենդանական ու բուսական աշխարհին  որևէ վնաս չեն պատճառում: Նախարարը տեղեկացրեց նաև, որ տվյալ տարածքում  ռադիացիոն ֆոնը  մշտական հսկողության տակ է, գտնվում է նորմայի  սահմաններում  ու չի գերազանցում 16 միլիռենտգենը: Արմեն Մովսիսյանը հերքեց  նաև այն մտավախությունը, թե իբր  այդ աշխատանքները  բնակավայրի գրունտային  ջրերի ռադիացիոն աղտոտման  պատճառ են դառնում.
 -Այդ տարածքը ստորերկյա ջրերից զերծ տարածք է: Ինչ խորությամբ էլ ծակեք` ջուր չեք գտնի,- վստահեցրեց նախարարը: