Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

22.04.2010

Տեղի ունեցավ Երևանի ՀՇԳՑԷ-ի պաշտոնական բացման արարողությունը

Տեղի ունեցավ Երևանի ՀՇԳՑԷ-ի պաշտոնական բացման  
արարողությունը
 
Ս.թ. ապրիլի 21-ին տեղի ունեցավ Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի պաշտոնական բացման արարողությունը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Էներգաբլոկի շինարարության հիմնարկեքի արարողությունը կատարվել է 2008թ. հուլիսի 30-ին, որին ևս մասնակցել է ՀՀ Նախագահը:
Երևանի ՀՇԳՑԷ նախագծի իրականացման նպատակով ՀՀ կառավարության և Միջազգային համագործակցության Ճապոնիայի բանկի միջև 2005 թվականի մարտի 29-ին ստորագրվել է ARM-P2 փոխառության համաձայնագիր: Վարկի գումարը կազմում է 26 409 մլն ճապոնական իեն (շուրջ 247 մլն ԱՄՆ դոլար, տոկոսադրույքը` 0,75 %, մարման ժամկետը` 30 տարի, 10 տարի արտոնյալ ժամկետից հետո):

Երևանի ՀՇԳՑԷ նախագծի իրականացման Գլխավոր կապալի պայմանագիրը ստորագրվել է 2007թվականի սեպտեմբերի 30-ին:

Պատվիրատուն “Երևանի ՋԷԿ” ՓԲԸ-ն  է, խորհրդատուն` TEPSCO LTD-ն է(Ճապոնիա), գլխավոր կապալառուն` Mitsui & Co., LTD (Ճապոնիա) և GS Engineering & Construction (Հարավային Կորեա) կոնսորցիումը:

Էլեկտրակայանի տեխնիկական տվյալներն են.

 Էլեկտրակայանի դրվածքային /էլեկտրական և ջերմային/ ընդհանուր հզորությունը- 271,7 ՄՎտ

Էլեկտրակայանի դրվածքային էլեկտրական հզորությունը-242 ՄՎտ

Էլեկտրակայանի ջերմային հզորությունը-434,9 ԳՋ/ժ

Հայաստանում գործող ջերմաէլեկտրակայանների համեմատ նոր էլեկտրակայանը մեկ կՎտժ էլեկտրաէներգիայի արտադրության համար կծախսի 2,0-2,3 անգամ պակաս վառելիք (բնական գազ):

Նույն դրվածքային հզորությունների դեպքում գործող էլեկտրակայանների համեմատ, նոր էլեկտրակայանը կունենա ավելի ցածր արտանետումներ.

 ազոտի օքսիդներ (NOx)` շուրջ 9 անգամ պակաս, ածխաթթու գազ (CO2)` մոտ 2 անգամ պակաս,  ածխածնի օքսիդ (CO)` մոտ 38 անգամ պակաս, ջրօգտագործում` 3,6 անգամ պակաս :

   Երևանի ՀՇԳՑԷ-ի գազատուրբինը և օժանդակ սարքավորումները Alstom ընկերության արտադրության են, իսկ շոգետուրբինն ու օժանդակ սարքավորումները` Fuji ընկերության արտադրության: Ծրագրի սկզբից Հայաստան են ներկրվել շուրջ 8070 տ մետաղական կոնստրուկցիաներ և շուրջ 3000 տ սարքավորումներ: Ծանր սարքավորումները Հայաստան են ներկրվել АН-225 Мрия (2 չվերթ) և АН-124 Руслан (5 չվերթ) իքնաթիռներով: Կատարվել են շուրջ 20 հազ խորանարդ մետր բետոնային աշխատանքներ:

    Շինարարական և կառուցապատման աշխատանքները ավարտված են: ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված /աշխատանքներն ընդունող/ միջգերատեսչական հանձնաժողովն արդեն տվել է եզրակացություն այն մասին, որ կայանը պատրաստ է շահագործման : 

    ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն իր ելույթում նշեց. “Էլեկտրակայանի գործարկման շնորհիվ կբարձրանա ՀՀ էներգահամակարգի հուսալիությունը, կօպտիմալացվեն էլեկտրաէներգիայի փոխհոսքերը, որի շնորհիվ կկրճատվեն էլեկտրական էներգիայի կորուստները էլեկտրական ցանցերում: Դրանից բացի, այսօր հանրապետությունում գործող ջերմային էլեկտրակայանների համեմատ նոր էլեկտրակայանը կունենա զգալի բարձր բնապահպանական ցուցանիշներ”:

    Նախարարը շեշտեց նաև, որ Երևանի ՀՇԳՑԷ-ի կառուցման ընթացքում Հայաստանում ներդրվեց շինարարական, մոնտաժային, կարգաբերման ու շահագործման աշխատանքների կազմակերպման և իրականացման նոր մշակույթ: