ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը հոկտեմբերի 24-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին:
Քննարկվել են Հայաստանում էներգետիկայի բնագավառում բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքն ու համագործակցության զարգացման նոր ուղղությունները:
Կարևորելով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի դերը Հայաստանի տնտեսության զարգացման գործում՝ Գարեգին Բաղրամյանը համոզմունք է հայտնել, որ փոխգործակցությունը հաջողությամբ կշարունակվի նաև առաջիկայում։
Այդ համատեքստում նախարարի պաշտոնակատարը խոսել է էներգետիկայի բնագավառի զարգացմանն ուղղված հետագա համագործակցությանը վերաբերող հնարավոր քայլերի և առավել փոխշահավետ ծրագրերի մասին:
Դմիտրի Գվինդաձեն պատրաստակամություն է հայտնել աջակցելու էներգետիկայի բնագավառի զարգացման ծրագրերին, ինչպես ենթակառուցվածքային, այնպես էլ վերականգնվող էներգետիկայի ու էներգախնայողության ոլորտներում:
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել նպաստելու արդյունավետ և շարունակական գործակցությանը: