Նախարարի պաշտոնակատարին է ներկայացվել շուրջ 300 մլն. դոլար նախնական արժեքով ներդրումային փաթեթ
ՀՀ ԷԵԲՊ նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն ընդունել է «Էներգո ինվեստ հոլդինգ» ընկերության ներկայացուցիչներին, որոնք ներկայացրել են «Շնող» ՀԷԿ-ի նախագծային-նախահաշվային աշխատանքների ընթացքն ու ընկերության ընթացիկ ներդրումային ծրագրերը:
«Շնող» ՀԷԿ-ի նախագծային-նախահաշվային աշխատանքներն իրականացնում են շվեյցարական «POYRY» ընկերության մասնագետներըª ամերիկյան «THE ROBBINS» ընկերության, ինչպես նաև Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից միջազգային մրցույթով ընտրված ILF ավստրիական կազմակերպության տեխնիկական վերահսկողությամբ:
Աշխատանքների առաջին փուլում, որը կավարտվի հոկտեմբերի 31-ին, կորոշվեն ջրատար թունելի երթուղին և ՀԷԿ-ի նախատեսվող դրվածքային հզորությունը:
Հաջորդ փուլերում կուսումնասիրվեն գրունտների ֆիզիկա-մեխանիկական հատկանիշները, կգնահատվի նախագծի բնապահպանական և սոցիալական ազդեցությունը, կբացահայտվեն բնապահպանական ռիսկերը և կկազմվի դրանց փոխհատուցման մանրամասն ճանապարհային քարտեզ:
Այնուհետև նախագիծը կենթարկվի բնապահպանական փորձաքննության, կիրականացվեն հանրային լսումներ շահառու համայնքների և բնապահպանական, հասարակական կազմակերպությունների հետ:
Կարևորելով նախագիծը Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից` նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ ՀԷԿ-ի կառուցման թույլտվություն կտրվի նախագծի բնապահպանական փորձաքննությունից և շահառու համայնքների հետ համաձայնեցումից հետո միայն:
Շինարարության ընթացքում կստեղծվի ավելի քան 1200 բարձր վարձատրվող աշխատատեղ, ՀԷԿ-ը կապահովի երկրի էլեկտրաէներգիայի ներքին սպառման 7%-ը:
Գարեգին Բաղրամյանին ներկայացվել են նաև էներգետիկայի ոլորտում միջին մասնագիտական կադրերի վերապատրաստման ուսումնական կենտրոնի կառուցման և փոքր ՀԷԿ-երի արդիականացման ներդրումային ծրագրերը:
Նշված ուսումնական կենտրոնը հարյուրավոր մասնագետների հնարավորություն կտա վերապրոֆիլավորվել, համապատասխանել աշխատաշուկայի պահանջներին, իսկ էներգետիկ ձեռնարկությունները կհամալրվեն որակյալ մասնագետներով: Ուսումնական կենտրոնի ստեղծման համար նախատեսվում է շուրջ 6 մլն. դոլար:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև փոքր ՀԷԿ-երի արդիականացման ծրագիրը, որը պետք է լինի բնապահպանական ժամանակակից պահանջներին համապատասխան: Ծրագրի նպատակը ջրային ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործումն է, գետերի բնապահպանական վիճակի բարելավումը և շրջակա միջավայրի վրա բնապահպանական ազդեցության նվազեցումը: Հնգամյա ծրագրի նախնական արժեքը գնահատվում է շուրջ 120 մլն. դոլար:
Ծրագրի իրականացման արդյունքում նորագույն տեխնոլոգիական սարքավորումներով կհագեցվեն և բնապահպանական ժամանակակից չափանիշներին կհամապատասխանեցվեն գործող փոքր 20-25 ՀԷԿ-եր, կբարձրացվի դրանց արդյունավետությունը և կբարելավվի շրջակա միջավայրը: