Հոկտեմբերի 3-6-ը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հրավերով Մոսկվայում տեղի է ունեցել «Էներգետիկ շաբաթ-2018թ.» խորագրով համաժողովը: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պատվիրակները՝ էներգետիկայի վարչության պետ Հայկ Բադալյանը և Եվրասիական տնտեսական միության բաժնի պետ Մակիչ Հովհաննիսյանը, մասնակցել են համաժողովի շրջանակում կազմակերպվող միջոցառումներին, «ԵԱՏՄ/ԱՊՀ երկրների էներգախնայողություն և կայուն էներգետիկ զարգացումը խթանելու քաղաքականությունը՝ մարտահրավերները և նախաձեռնությունները» կլոր սեղանին:
Համաժողովի շրջանակում քննարկվել են մի շարք թեմաներ, մասնավորապես՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում էներգախնայողության և էներգետիկայի կայուն զարգացման ընդհանուր մոտեցումները, էներգետիկայի և էներգախնայողության ոլորտում ԵԱՏՄ-ԵՄ համագործակցության հնարավորությունները, ԵԱՏՄ տարածքում գազային վառելիքով և էլեկտրականությամբ աշխատող ավտոտրասնպորտային ենթակառուցվածքները զարգացնելուն ուղղված միջոցառումները, ԵԱՏՄ տարածքում էներգախնայողության զարգացման ստանդարտներն ու նորմատիվ կարգավորումները:
Ըստ համաժողովի աշխատակարգի՝ Հ. Բադալյանը ներկայացրել է էներգետիկայի և էներգախնայողության ոլորտում Հայաստանի որդեգրած քաղաքականությունը, զարգացման հնարավորությունները:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) էներգետիկայի, տեխնիկական կարգավորման և հավատարմագրման էներգախնայողության դեպարտամենտների և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ առաջարկվել է ընդլայնել «Էներգասպառող սարքավորումներին ներկայացվող էներգետիկ անվտանգության պահանջների մասին» ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի գործունեության շրջանակը՝ ներառելով նաև կենցաղային գազի սարքավորումները: Առաջարկվել է նաև Հայաստանում ստեղծել լաբորատորիա՝ ներկրվող սարքավորումների էներգաարդյունավետության փորձաքննություն իրականացնելու համար: