Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

13.05.2010

Սկսվել է գազ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիրը

Սկսվել է  «գազ  էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը

 Մայիսի 11-13-ը Երևան է ժամանել Իրանի գազի արտահանման ազգային ընկերության տնօրեն Քասաիզադեի գխավորած պատվիրակությունը: Այցի նպատակն է սկսել «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի գործնական իրականացումը, ինչը նշանակում է, որ Հայաստանը Իրանից կներկրի գազ, որի դիմաց Իրան կարտահանի էլեկտրաէներգիա` փոխհամաձայնեցված ծավալներով և ռեժիմներով:

Իրան-Հայաստան գազամուղի շինարարությունն ընթացել է երկու փուլով` Մեղրի-Քաջարան ու Քաջարան-Արարատ հատվածներով: Մեղրի-Քաջարան  հատվածի (40կմ)  շինարարությունը սկսվել է 2005 թվականին` Իրանի արտահանման բանկի տրամադրած վարկային միջոցների հաշվին: Գազամուղի մյուս` Քաջարան-Արարատ հատվածի (187կմ)  շինարարությունը սկսվել է 2006 թվականի վերջին և իրականացվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրերի շրջանակներում: Այս օրերի ընթացքում աշխատանքային խմբերը համաձայնեցրել են գազի ներմուծման և էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները, ռեժիմները, ինչպես նաև`  «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի համակարգմանը վերաբերող այլ հարցեր:

Մայիսի 13-ին իրանական պատվիրակությանը ընդունել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար, հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Մովսիսյանը: Հանդիպման ժամանակ աշխատանքային խմբերը ներկայացրել են կատարված աշխատանքների արդյունքները: Ստորագրվել է նաև «Գազի դիմաց էլեկտրաէներգիայի հաղորդման գործընթացի համակարգման» քառակողմ պայմանագիրը: Հայական կողմից պայմանագիրը ստորագրել են «Երևանի ՋԷԿ» և «Որոտանի ՀԷԿ-երի համակարգ» ՓԲԸ-ները, իրանական կողմից «Իրանի գազի արտահանման ազգային» ընկերությունը և «Թավանիր» ընկերությունը: