Օգոստոսի 23-ի կառավարության հերթական նիստում քննարկվել է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Օրինագծի ընդունումը պայմանավորված է Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ ընկած հողերի ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելու/ջրապահովվածությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ: Ըստ այդմ՝ նախատեսվում է փոխել օրենքով սահմանված ոռոգման նպատակով լճից 2018 թ. բացթողման 170 մլն մ3 չափաքանակը՝ այն դարձնելով մինչև 210 մլն մ3: Հավելյալ ջրառը կազմելու է մինչև 40 միլիոն խորանարդ մետր:
Սևանա լճից բացթողնվող ջրի՝ 170 մլն մ3-ը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրական էներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ մոտ առաջացող լրացուցիչ գումարները ենթակա են վճարման` այդ գումարների հավաքագրման և դրանց հաշվին ժամանակավոր ծրագրի 3-րդ մասով սահմանված ուղղություններով նպատակային ներդրումների իրականացման համար բացված արտաբյուջետային հաշվին: Լրացուցիչ գումարների հաշվարկման ու վճարման կարգը, ինչպես նաև դրանց հաշվին կատարվելիք բյուջետային ելքերի նախահաշիվը սահմանում է ՀՀ կառավարությունը: Հավելյալ գումարները կօգտագործվեն Սևանից հետագա հավելյալ ջրառը կանխելու նպատակով:
Գործադիրի մեկ այլ որոշմամբ առաջարկվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին օգոստոսի 28-ին ժամը 11:00-ին գումարել ԱԺ արտահերթ նստաշրջան. օրակարգում ընգրկված է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: