ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հունիսի 8-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:
Քննարկվել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
Ողջունելով դեսպանին՝ նախարարը բարձր է գնահատել հայ-ամերիկյան փոխգործակցությունը և համոզմունք հայտնել, որ այսուհետ ևս երկկողմ տնտեսական հարաբերությունները կընդլայնվեն ու կզարգանան: Այդ համատեքստում նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարության կողմից էներգետիկայի և բնական պաշարների ոլորտներում Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և վերահաստատել հայկական կողմի պատրատակամությունը գործընկերության ամրապնդման ուղղությամբ:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման ուղղությամբ իրականացվող ծրագրերին։ Նախարարն ընդգծել է, որ էներգետիկ շուկայի ազատականացումը կառավարության գերակայություններից է։
«Հաշվետու, բաց և մրցունակ էներգետիկ շուկան էական դերակատարում ունի թափանցիկության մեծացման և ներդրումների ներգրավման համար, ինչը գերակայություն է Հայաստանի և Միացյալ Նահանգների համար»,- ասել է դեսպանը:
Ռիչարդ Միլսը նշել է, որ դեսպանությունն ու նախարարությունը համագործակցության մեծ փորձ ունեն, և վստահեցրել, որ Արթուր Գրիգորյանի պաշտոնավարման ընթացքում սերտ գործընկերությունն էներգետիկ ոլորտում կշարունակվի: