ՀՀ կառավարության ապրիլի 12-ի նիստում հաստատվել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման ծրագիրը, որի արդյունքում կապահովվի անվտանգ և հուսալի էլեկտրահաղորդման համակարգ: Ծրագիրը միտված է ընկերության արդյունավետ և թափանցիկ կառավարմանը՝ կարողությունների զարգացմանն ուղղված ներդրումների իրականացմանը, երկարաժամկետ հեռանկարում ֆինանսական կայուն վիճակի ապահովմանը, հաշվառման համակարգի կատարելագործմանը, մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարմանը:
Ընկերության հավատարմագրային կառավարումը հավատարմագրային կառավարչի կողմից թույլ կտա ծրագրում ներկայացված ներդրումային ծրագրերի իրականացման համար ներգրավել շուկայականից ցածր տոկոսադրույքով, երկարաժամկետ փոխառու միջոցներ (այդ միջոցները ներգրավվելու են առանց Հայաստանի հանրապետության կառավարության երաշխիքի), կազմել ընկերության կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ զարգացման գործողությունների ծրագրեր, իրականացնել շարունակական բարեփոխումներ՝ ապահովելով ծրագրի կատարման ընթացքում ակնկալվող արդյունքների անընդհատ բարելավումը, այն է՝ վերակառուցել կամ արդիականացնել ընկերության սեփականություն հանդիսացող ենթակայանները, էլեկտրահաղորդման գծերը, այլ հիմնական միջոցները, և այդպիսով ապահովել ծրագրով նախատեսված թիրախային արդյունքներն ու ընկերության երկարաժամկետ արդյունավետ կառավարումը: