Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

15.02.2018

Հստակեցվել են «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման մրցույթի պայմանները

Փետրվարի 15-ի նիստում ՀՀ կառավարությունը որոշել է «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման համար ընտրված տարածքը` Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող` 97.3709 հեկտար մակերեսով հողամասը, հանձնել Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամին։

Մասրիկում գտնվող հողը հետագայում փոխանցվելու է սեփականատիրոջն անվճար, բայց հողի կադաստրային արժեքը` 80 մլն դրամի չափով, 46-55 ՄՎտ «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման մրցույթում հաղթող կազմակերպությունը կվճարի Մեծ Մասրիկ համայնքի բյուջե` սոցիալական խնդիրների լուծման նպատակով:

Ըստ նախագծի` եթե կազմակերպությունը հողատարածքը օգտագործի ոչ նպատակային, ապա հաջորդ պայմանագրով պետությունը իրավունք է ստանում այդ հողատարածքը հետ վերցնել` ոչինչ չփոխհատուցելով ընթացիկ սեփականատիրոջը:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը զեկուցել է, որ վարչապետի հանձնարարականով արևային էներգետիկայի զարգացման բնագավառում իրականացվում են այլ միջոցառումներ ևս: «Իրականացնում ենք նաև առաջին կուտակիչ կայանի նախահաշվային և նախագծային աշխատանքները, որոնք կավարտվեն ամենայն հավանականությամբ ապրիլ ամսին: Այս երկուսը միասին հնարավորություն կտան մեզ նախանշելու Հայաստանում արևային էներգետիկայի զարգացման իրական ուղենիշերը», - ասել է նախարարը:

   Հիշեցնենք﹐ որ «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման մրցույթում պայքարում է նախաորակավորման փուլը հաղթահարած միջազգային 10 կազմակերպություն։ Մրցույթի արդյունքները նախատեսվում է ամփոփել 2018թ. գարնանը։