Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

29.01.2018

Հայտարարվել է «Մասրիկ-1» կայանի կառուցման մրցույթի երկրորդ փուլը

Մեկնարկել է «Մասրիկ-1» արդյունաբերական մասշտաբի արևային ֆոտովոլտային կայանի կառուցման նպատակով հայտարարված միջազգային մրցույթի երկրորդ փուլը: Այս փուլում կորոշվի այն մասնակիցը, որը կստանձնի կայանի կառուցումը։

Մրցույթի երկրորդ փուլի հիմնական պահանջը արտադրվող էլեկտրաէներգիայի սակագինն է։ Հաղթող կճանաչվի այն կազմակերպությունը կամ կոնսորցիումը, որը կառաջարկի նվազագույն գինը։

Մրցույթի երկրորդ փուլին մասնակցում են այն 10 ընկերություններն ու կոնսորցիումը, որոնք բավարարել են նախաորակավորման պահանջները։ Հիշեցնենք, որ առաջին փուլում ներկայացված 20 հայտերերից մրցութային հանձնաժողովը բավարար էր գնահատել 10-ը։ Մրցույթի երկրորդ փուլի մասնակիցները նիդեռլանդական, ամերիկյան, կորեական, գերմանական և մի շարք այլ երկրներ  ներկայացնող  և ոլորտում հայտնի ընկերություններ են:

Ակնկալվում է, որ մրցութային գործընթացը կավարտվի  2018 թ. ապրիլին, և մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունը կամ կոնսորցիումը առավելագույնս 2 տարում  պետք է կառուցի կայանը:

 «Մասրիկ-1»-ը կլինի 55 ՄՎտ պիկային հզորությամբ տարածաշրջանային ամենախոշոր արևային կայանը։ 

Նշենք նաև, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից տրամադրված լիցենզիաների հիման վրա արդեն մեկնարկել է համեմատաբար փոքր՝ մինչև 1 ՄՎտ հզորությամբ 12 արևային ֆոտովոլտային էլեկտրակայանների կառուցումը, որոնք կունենան գումարային շուրջ 10 մեգավատ հզորություն: Դրանցից 3-ն արդեն գործարկվել է և սկսել էլեկտրաէներգիա մատակարարել համակարգին։