Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

25.01.2018

Կառավարությունը հավանություն է տվել ընդերքօգտագործման ոլորտի հրապարակայնության կարգավորման օրենսդրական փաթեթին

Հունվարի 25-ին կայացած նիստում կառավարությունը հավանություն է տվել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից ներկայացված օրենսդրական փաթեթին, որով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում», «ՀՀ հարկային օրեսնգրքում» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում»։ Օրենսդրական փաթեթն ուղղված է ընդերքօգտագործման ոլորտում հրապարակայության և թափանցիկության բարձրացմանը։

Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) ստանդարտով հստակ սահմանված են ընդերքօգտագործման ոլորտում հրապարակման ենթակա տեղեկատվության շրջանակին առնչվող մի շարք հարցեր: Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությունը բնական պաշարների բաց և հաշվետու կառավարումը խթանող միջազգային կազմակերպություն է, որին 2017 թվականի դրությամբ անդամակցում են 51 երկրներ: 2015 թվականից Հայաստանի Հանրապետությունը նախաձեռնել է ԱՃԹՆ-ին անդամակցության գործընթաց: 2016 թվականի դեկտեմբերի 28-ի գրությամբ՝ ՀՀ կառավարությունը պաշտոնապես ներկայացրել է թեկնածության հայտը և 2017 թվականի մարտի 9-ի դրությամբ հանդիսանում է ԱՃԹՆ-ի թեկնածու երկիր:

ԱՃԹՆ-ի ստանդարտի իրականացման նպատակն է հանքարդյունահանող ոլորտին վերաբերող ամբողջական տեղեկատվության հրապարակային դարձնելը՝ ապահովելով ոլորտի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը՝ խթանելով մրցակցային կառավարումն ու վերահսկողությունը: ԱՃԹՆ-ին անդամակցող երկրները պարտավորվում են հրապարակել ամենամյա զեկույցներ, որոնք պետք է ներառեն ամբողջական տեղեկատվություն պետության կողմից տրված թույլտվությունների, արդյունահանման ծավալների, պետությանը վճարված հարկերի և վճարների, ոլորտից ստացված եկամուտների տեղաբաշխման, սոցիալական ծրագրերի իրականացման վերաբերյալ:

Հաշվի առնելով նշված հանգամանքը՝ անհրաժեշտություն է առաջացել ՀՀ գործող օրենսդրությամբ նախատեսված մի շարք դրույթներ համապատասխանեցնել ԱՃԹՆ-ի ստանդարտներին:

Նախագծերի ընդունման արդյունքում նախատեսվում է ապահովել ՀՀ օրենսդրության համապատասխանեցում՝ ԱՃԹՆ-ի ստանդարտին Հայաստանի Հանրապետությանում ԱՃԹՆ-ի ստանդարտի սահուն իրականացման նպատակով: Մասնավորապես, հանքարդյունահանող ընկերությունների և համապատասխան լիազոր մարմինների կողմից կտրվեն ոլորտում ծավալված գործունեության ընթացքում իրականացրած ֆինանսական հոսքերի և այլ տվյալների մասին հրապարակային հաշվետվություններ: Դրանք հետագայում կհամադրվեն կառավարության կողմից վարձվող անկախ աուդիտորական կազմակերպության կողմից, վերջինս էլ այդ վերլուծության արդյունքում կպատրաստի հանրային զեկույց: Սա թույլ կտա հանքարդյունաբերության ոլորտի տեղեկատվությունը հանրության համար դարձնել առավել բաց և հասանելի, ինչն էլ կնպաստի ոլորտի շարունակական բարելավմանը:

Այս նախագծերով սահմանված փոփոխությունների իրականացումն անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը կարողանա ներդնել թափանցիկության բարելավման հաշվետվողականության մեխանիզմներ, որի արդյունքում միայն, 2019թ. անցնելով միջազգային վավերացման գործընթաց, կկարողանա ճանաչվել ԱՃԹՆ-ի ստանդարտին համապատասխանող երկիր: