Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

29.11.2017

Լրացավ երկրաբանական ֆոնդի 80-ամյակը

Լրացավ Հայաստանի երկրաբանական ֆոնդի կազմավորման 80-ամյակը: Հանրապետության տարածքում երկրաբանական ուսումնասիրության լուրջ աշխատանքներ սկսել են կատարվել դեռևս անցած դարի 30-ական թվականներից: Ելնելով այդ աշխատանքների արդյունքում ստացված երկրաբանական տեղեկությունների հաշվառման, համակարգման, պահպանման, ամփոփման անհրաժեշտությունից՝ 1937թ. նոյեմբերի 27-ին ԽՍՀՄ ԺԿ Խորհրդի որոշմամբ, Հայկական պետական երկրաբանական վարչությանը կից ստեղծվեց «Հայաստանի Հանրապետության Երկրաբանական ֆոնդը», որը մինչ օրս իրականացնում է իրեն վերապահված գործառույթները:

2002թ. հոկտեմբերի 31-ին ՀՀ կառավարության թիվ 1758-Ն որոշմամբ, երկրաբանական ֆոնդի հիմքի վրա, կազմավորվեց շահույթ չհետապնդող «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։ Վերջինիս վերապահվեցին ինչպես ընդերքի վերաբերյալ տեղեկության պահպանման, այնպես էլ համակարգման և վերլուծման գործառույթներ:

Հայաստանի ընդերքի վերաբերյալ անցած 80 տարիների  ընթացքում կուտակվել է հզոր տեղեկատվական բազա։  Եթե երկրաբանական ֆոնդի ստեղծման պահին հաշվառվում էր ընդամենը 1250 հաշվետվություն, ապա այժմ դրանք գերազանցում են 12,5 հազարը։

Նշենք նաև, որ ավարտին է մոտենում  «Հանրապետական երկրաբանական ֆոնդում» առկա երկրաբանական տեղեկությունների թվայնացման գործընթացը։ Մինչև տարեվերջ այն ամբողջությամբ առցանց հասանելի կլինի hանրությանը։