«Երևանի ՋԷԿ»-ի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկում առաջիկայում կիրականացվեն տեխիկական վերազինման աշխատանքներ, որոնք պայմաններ կստեղծեն արտադրական ցուցանիշների բարելավման համար։ Վերազիման արդյունքում 7 ՄՎտ-ով կավելանա կայանի հզորությունը՝ 220-ից հասնելով 227 ՄՎտ-ի, վառելիքի տեսակարար ծախսերը 258,1 գր/կՎտժ-ից կնվազեն մինչև 252,8 գր/կՎտժի։ Իրականացվող միջոցառումները հնարավորություն կտա էներգաբլոկի ՕԳԳ-ն բարձրացնել 1%-ով։
Տեխնիկական վերազինումից հետո կայանի կապիտալ նորոգման ժամկետը կերկարաձգվի 2 տարով՝ 4-ից դառնալով 6 տարի։ Այն կնպաստի էներգաբլոկի շարունակական աշխատանքի ժամանակահատվածի ավելացմանը, որի արդյունքում էլեկտրաէներգիայի օգտակար առաքումը կավելանա 59,5 մլն. կՎտ. Ժ-ով։ Գործող սակագնի պայմաններում այն համարժեք է ավելի քան 1,1 մլրդ դրամի։
Կայանի վերազինման նպատակով ընկերությունը պատրաստվում է ձեռք բերել շուրջ 10,7 մլրդ դրամի սարքավորումներ։ Նոյեմբերի 16-ին կայացած նիստում կառավարությունը որոշեց երեք տարի ժամկետով հետաձգել դրանց ավելացված արժեքի հարկի վճարումը։
Հիշեցնենք, որ «Երևանի ՋԷԿ»-ի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը շահագործմանն է հանձնվել 2010 թվականին: