Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

02.11.2017

Ապագա տնտեսական զարգացման հիմքը «պատասխանատու» հանքարդյունաբերությունն է

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նոյեմբերի 1-ին մասնակցել է Հանքարդյունաբերության և բնական պաշարների տարեկան միջազգային կոնֆերանսի շրջանակներում Մելբուռնում մեկնարկած Հանքարդյունաբերողների վեհաժողովին, որտեղ ներկայացվել են աշխարհի տարբեր երկրներում հանքարդյունաբերության ոլորտի նվաճումները, ոլորտի կարգավորման ու  վերահսկողության ժամանակակից մոտեցումները, հանքարդյունաբերության օպտիմալացման և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունները, շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման նորագույն լուծումները:

Վեհաժողովում նախարարը ներկայացրել է Հայաստանում գործող ընդերքի օրենսդրությունը, մեր երկրի ներդրումային միջավայրը, ընդերքօգտագործման ոլորտում լիցենզիաների ու երևակման թույլտվությունների տրամադրման կարգն ու պայմանները:

Հանքային պաշարների միավորված կոմիտեի (JORC) նախագահ Սթիվ Հանթի հետ Աշոտ Մանուկյանը քննարկել է ընդերքի օրենսդրության զարգացման, ոլորտի կարգավորման կատարելագործման ուղղությունները:

Հանքարդյունաբերության միջազգային ստանդարտների կազմակերպության գլխավոր գործադիր տնօրեն Ռոբերտ Միլբուրնի հետ հանդիպման ընթացքում կարևորվել են մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա հանքարդյունաբերության բացասական ազդեցության չեզոքացման խնդիրները:

Նշենք, որ Հանքարդյունաբերության և բնական պաշարների տարեկան միջազգային համաժողովին մասնակցում են շուրջ 150 հանքարդյունաբերող ընկերություններ և ավելի քան 3000 պատվիրակներ՝ աշխարհի 77 երկրներից: