Դեպի վեր

Հայ |  Рус |  Eng

27.10.2017

Ատոմային էներգետիկայի պահպանումն ու զարգացումը շարունակում է Հայաստանի համար մնալ ռազմավարական ուղղություն

Ատոմային էներգետիկայի պահպանումն ու զարգացումը շարունակում է Հայաստանի համար մնալ ռազմավարական ուղղություն՝ համաձայն 2015թ. դեկտեմբերին ՀՀ կառավարության կողմից հաստատած «Հայաստանի Հանրապետության էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036 թ.) զարգացման ուղիները» ծրագրի:

Բազիսային էլեկտրաէներգիայի ստեղծման կառուցվածքում ԱԷԿ-ի առկայությունը թույլ կտա Հայաստանին պահպանել էներգետիկ անվտանգության անհրաժեշտ մակարդակը: Հոկտեմբերի 27-ին հանդես գալով ՀՀ Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի (ԱԷԱԽ)  հերթական՝ 15-րդ նիստում ասել է հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։

-Ծրագիրը նախատեսում է գործող բլոկի շահագործումը երկարաձգել մինչև 2027թ., իսկ հետագայում իրականացնել նոր միջուկային բլոկների փուլային ներդրում,-հայտարարել է Նախագահը։

Անդրադառնալով ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի իրականացմանը` Նախագահը նշել է, որ այդ նպատակով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ստորագրվել են Հայաստանի կառավարությանը պետական արտահանման վարկի և դրամաշնորհի տրամադրման մասին համաձայնագրեր: Երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի շրջանակներում իրականացվում են նախագծային և շահագործման անվտանգության բարձրացման, ինչպես նաև դրա արդիականացման միջոցառումներ:

-2017թ. պլանային նախազգուշական վերանորոգման ընթացքում շահագործման ժամկետի երկարաձգման առաջին փուլի աշխատանքները, այդ թվում՝ էներգաբլոկի սարքավորումների գործիքային զննությունը, գործնականում ավարտվել են,- ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին անդրադարձել է նաև Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահի պաշտոնը ստանձնած Միրոսլավ Լիպարը։ Բարձր գնահատելով կատարված աշխատանքները՝ Մ. Լիպարը ուրախությամբ արձանագրել է, որ յուրաքանչյուր այցից հետո նոր բարելավումներ ու առաջընթաց է նկատվում ՀԱԷԿ-ում:

-Խորհուրդը ամենայն պատասխանատվությամբ կշարունակի ուշադրության կենտրոնում պահել ՀԱԷԿ-ի անվտանգ շահագործումը,-ընդգծել է Մ. Լիպարը: 

Գնահատելով ատոմակայանի անվտանգության մակարդակը` Միրոսլավ Լիպարը նշել է, որ ՀԱԷԿ-ն ամեն տարի անցնում է անվտանգության վերանայման գործընթաց: Անվտանգության խորհուրդը կատարում է անվտանգության բարելավման աշխատանքներ՝ տարբեր փուլերում անվտանգության պլանավորման և կատարման միջոցով.

-Ես կարող եմ հաստատել, որ Հայաստան են գալիս բազմաթիվ միջազգային առաքելություններ, որոնք այցելում են ատոմակայան: Նման առաքելությունը չի կարող տալ եզրակացություն, որ ամեն ինչ 100 տոկոսով անվտանգ է, բայց իրենք կարող են տալ համապատասխան խորհուրդներ, ինչպես նաև կարող են անվտանգություն բարձրացմանը միտված առաջարկներ անել:

Միրոսլավ Լիպարի գնահատմամբ՝ ատոմակայանի անվտանգության համար առաջնային է կոնտուրի խողովակաշարերի և փականների զննումը, ինչը, ըստ նրա, 100 տոկոսով արվում է: