Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից պարգևներ է հանձնել մեր երկրի զարգացման գործում նշանակալի ավանդ և վաստակ ունեցած տարբեր ոլորտների ներկայացուցիչների: ՀՀ Նախագահի հրամանագրերով՝ արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության բարձր պարգևների են արժանացել նաև Էներգետիկայի և ընդերքի բնագավառի ներկայացուցիչներ:
Պարգևատրվել են «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի ռեակտորային արտադրամասի ռեակտորային բաժանմունքի ավագ օպերատոր Սերյոժա Մանուկյանը, «Հրազդանի էներգետիկ կազմակերպության» ԲԲԸ էլեկտրական արտադրամասի էլեկտրակայանի բլոկային մասի էլեկտրասարքավորումները սպասարկող 6-րդ որակավորման խմբի էլեկտրամոնտյոր Գրիշա Իսրայելյանը, «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի ստորգետնյա աշխատանքների հորատանցող Արթուր Իսախանյանն ու «ԳեոՊրոՄայնինգԳոլդ» ՍՊԸ-ի Սոթքի ոսկու հանքի տեխնոլոգիական տրանսպորտի տեղամասի «Բելազ» ավտոինքնաթափի վարորդ Վաղինակ Մելքոնյանը։