Վիեննայում ընթացող Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Գլխավոր կոնֆերանսի 61-րդ նստաշրջանում սեպտեմբերի 21-ին Հայաստանն ընտրվել է ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի անդամ: Կառավարիչների խորհրդի անդամ են հանդիսանում ԱԷՄԳ 169 անդամ պետություններից 35-ը։
Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհուրդը ամենամյա Գլխավոր կոնֆերանսի հետ միասին հանդիսանում է ԱԷՄԳ քաղաքական երկու կառույցներից մեկը։ Այն պատասխանատու է ԱԷՄԳ քաղաքականության մեծ մասի ձևավորման համար: Կառավարիչների խորհուրդը մշակում և հանձնարարականներ է տալիս Գլխավոր կոնֆերանսին ԱԷՄԳ գործունեության և բյուջեի վերաբերյալ, պատասխանատու է ԱԷՄԳ ստանդարտների հրապարակման համար, նշանակում է ԱԷՄԳ Գլխավոր տնօրենին՝ ներկայացնելով Գլխավոր կոնֆերանսի հաստատմանը։
Հայաստանի Հանրապետությունը Կառավարիչների խորհրդում պաշտոնավարելու է երկու տարի ժամկետով՝ սկսած 2017թ․ սեպտեմբերի 25-ի:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-22-ին Վիեննայում ընթանում էր ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր կոնֆերանսի 61-րդ նստաշրջանը, որին մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ։