Наверх

Հայ |  Рус |  Eng

19.09.2014

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում քննարկվեցին ,,Նաիրիտի,, խնդիրները

 Սեպտեմբերի 19-ին, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում տեղի ունեցավ ,,Նաիրիտ  գործարան,, ՓԲԸ-ի խնդիրներին նվիրված խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ ազգային ժողովի պատգամավորներ, խմբակցությունների անդամներ, գիտնականներ, ,,Նաիրիտ,, գործարանի ղեկավարներ ու ներկայացուցիչներ, ինչպես նաև՝ լրատվամիջոցներ:

 

Նախարարության կողմից նախաձեռնված այդ բազմակողմանի հանդիպման հիմնական նպատակն էր ընտրել ճիշտ ուղիներ իրավիճակի բարելավման   և ,,Նաիրիտ գործարան,,  ՓԲԸ վերագործարկման համար, ինչպես նաև, համատեղ քննարկել ,,Նաիրիտի,, շուրջ ծագած խնդիրները,  դրանց լուծման եղանակներն ու հետագա անելիքները:

 

Ինչպես հայտնի է, արդեն տևական ժամանակ ,,Նաիրիտ գործարան,, ՓԲԸ-ում առկա է  սոցիալական լարվածություն՝ կապված չվճարված աշխատավարձերի և աշխատակիցների հետագա ճակատագրի հետ: Խնդիրները մշտապես  հանրապետության նախագահի ու  վարչապետի ուշադրության կենտրոնում են: Արդեն իսկ կա կարգադրություն մշակել ու կառավարություն ներկայացնել առաջարկությունների փաթեթ՝ ,,Նաիրիտի,, առողջացման ու վերագործարկման համար:

 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը շնորհակալություն հայտնեց խորհրդակցության մասնակիցներին և ասաց.

 

- Իրավիճակը իրոք անհանգստացնող է: Աշխատակիցների վրդովմունքը, բողոքն ու պահանջները հասկանալի են և լիովին արդարացված: Վերջին մի քանի տարիների ընթացքում ,,Նաիրիտի,, պահպանության ծախսերը, ինչպես նաև աշխատավարձերի վճարումները իրականացվել են էներգետիկ համակարգի ընկերությունների միջոցների հաշվին(փոխառությունների տեսքով)՝ այդ ընկերություններին դնելով ծանր ֆինանսական վիճակում,- ասաց նախարարը:

 

Նախարարի խոսքով՝ մինչ այժմ ներդրումային լուրջ առաջարկներ չեն եղել, ուստի, արդեն ժամանակն է լսել շահագրգիռ բոլոր կողմերին, ի մի բերել առաջարկները,  ուսումնասիրել տեխնոլոգիական լուծումները: